Լիսաբոնի միջկառավարական կոմիտեի 4-րդ հանդիպումը
2007-07-03
Բուխարեստում հունիսի 17- 19-ը տեղի է ունեցել Լիսաբոնի միջկառավարական կոմիտեի 4-րդ հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Նվարդ Մանասարյանը և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Հարությունյանը: Միջկառավարական կոմիտեի 4-րդ հանդիպման ժամանակ վերջինս ընտրվել է Կոմիտեի փոխնախագահի պաշտոնում՝ երեք տարի ժամկետով և վերընտրվելու հնարավորությամբ:
Եվրոպական բարձրագույն կրթական տարածաշրջանին վերաբերող որակավորումների Լիսաբոնի կոնվենցիան մշակվել է Եվրախորհդրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և ընդունվել է 1997 թ. Լիսաբոնում կայացած դիվանագիտական հանդիպման ժամանակ: Լիսաբոնի կոնվենցիան արդեն վավերացրել են 43 երկիր՝ այդ թվում եւ Հայաստանը: Սա աննախադեպ հաջողություն է միջազգային համաձայնագրերի վավերացման իմաստով և հստակ մատնանշում է, որ Որակավորումների ճանաչման կոնվենցիան արձագանքում է բարձրագույն կրթության զարգացման համաշխարհային միտումներին:
Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կոմիտեն ստեղծվել է 1999 թ. Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի ներդրումը վերահսկելու նպատակով: Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կոմիտեում ներկայացված են Լիսաբոնի կոնվենցիայի անդամ բոլոր երկրները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ: Կոմիտեն իրավասու է հաստատելու որակավորումների ճանաչման հետ կապված հանձնարարականները: