Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ կրթության և գիտության նախարարը քննարկել են կրթության ոլորտի հարցերը

2018-08-31

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Շնորհավորելով նախարարին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետը նրան արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներ է հղել: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի և եկեղեցու համագործակցությանն առնչվող հարցեր:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարարին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին, հավատարիմ իր դարավոր առաքելությանը, շարունակում է իր կարևոր ավանդը բերել կրթության և հոգևոր դաստիարակության սրբազան գործում: Այս իմաստով Նորին Սրբությունը կարևորել է Մայր Աթոռի կառույցների և ՀՀ պետական պատկան մարմինների միջև ձևավորված արդյունավետ գործակցությունը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես անդրադարձ է կատարել Մայր Աթոռի հովանու ներքո գործող երեք հոգևոր կրթական հաստատությունների և հանրակրթական դպրոցների գործունեությանը, ինչպես նաև խոսել Հայաստանի տարբեր քաղաքներում հիմնադրված տասը հայորդյաց տներում իրականցվող ծրագրերի մասին: Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերից Գարեգին Բ Հայրապետը կարևորել է նաև բարձր առաջադիմությամբ ուսանողներին Հայրապետական կրթաթոշակի տրամադրմումն ու «Լավագույն ուսուցիչ» մրցույթի կազմակերպումը:
Իր հերթին, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսին ներկայացրել է կրթության ոլորտում նոր կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, խոսել բարեփոխումների մասին: Այս համատեքստում անդրադարձ է եղել Սփյուռքի դպրոցներում մայրենի լեզվի ուսուցման կազմակերպմանը և Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմության» առարկայի դասավանդմանը: Նախարարը հույս է հայտնել, որ եկեղեցին իր ենթակառուցվածքներով կարող է մեծ աջակցություն ցուցաբերել Սփյուռքի հայկական կրթօջախներին, մասնավորապես, վերջին 20-25 տարիներին Սփյուռք արտագաղթած հայրենակիցների զավակների համար արևելահայերենով դասավանդմանը: Անդրադառնալով «Հայ Եկեղեցու պատմության» առարկայի դասավանդմանը` ԿԳ նախարարը նշել է, որ այս հարցում առկա են մի շարք խնդիրներ: Առարկայական չափորոշիչների վերանայման ժամանակ բարձրացվող մտահոգությունները կքննարկվեն, որի արդյունքում, ինչպես նախարարն է նշել, կձևավորվի առարկայի դասավանդման նոր մոտեցում: 
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։