Օգոստոսյան խորհրդակցություն Տավուշում. վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը. Ա. Հարությունյան

2018-08-28

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզի կրթության ոլորտի պատասխանատուները, ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կոչ է արել ներկաներին խորհրդակցության ընթացքում բարձրաձայնել մարզի կրթության ոլորտի խնդիրները և համատեղ քննարկել դրանց լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Բարեփոխումների համատեքստում  նախարարն անդրադարձել է նոր առարկայական չափորոշիչներին,  դասագրքերին, դասապրոցեսի կազմակերպմանը, երեխաների ծանրաբեռնվածությանը և այլ հարցերի:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն փոխվել է տնօրենների հավակնորդների հավաստագրման կարգը, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև կառավարման խորհուրդների ձևավորման և դպրոցների տնօրենների ընտրության կարգերում. «Մինչև հիմա խորհուրդները գործել են ոչ թե իրականացնելով իրենց վերապահված գործառույթները, այլ ծառայել են այսպես կոչված տեղի իշխանիկներին »,- նշել է Արայիկ Հարությունյանը:

  Նախարարը տնօրեններին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցները պետք է լինեն ամբողջովին ապաքաղաքականացված կառույցներ: Պետք է բացառել նաև դրամահավաքությունը, սակայն աշխատանք տանել, որպեսզի դպրոցի կյանքին մասնակցություն ունենա համայնքը՝ ի դեմս ծնողների, տվյալ դպրոցի շրջանավարտների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն:

Անդրադառնալով ընդհանուր ներառական կրթությանը` նախարարն ընդգծել է, որ հատկապես այստեղ համայնքը պետք է ունենա ակտիվ մասնակցություն, քանի որ համայնքի գործառույթն է ապահովել քաղաքացու կրթություն ստանալու իրավունքը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հաջորդ ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի և դպրոցների ավարտական քննությունների միասնական մոդելի ներդրմանը, որոնք նպատակ ունեն բարձրացնել դպրոցների ընդհանուր մակարդակը:

Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին: Դրանց մի մասը վերաբերել է ընդհանուր խնդիրներին, մյուս մասը առավել բնորոշ է եղել Տավուշի մարզին:

Ի պատասխան տնօրեններից մեկի հարցի` նախարարը տեղեկացրել է, որ վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը, ըստ որի աշակերտների թվից բացի կիրառվելու է նաև գործակից ըստ դասարանների թվի:

Նախարար Արայիկ Հարությունյանը տնօրեններին հորդորել է լինել նախաձեռնող, միևնույն ժամանակ ընդգծելով, որ նախարարությունն ու մարզպետարանը միայն աջակցողներ են, որոշումներ կայացնողը պետք է լինի դպրոցը, ուստի պետք է տիրապետել սահմանված լիազորություններին և լինել վճռական:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։