Օգոստոսյան խորհրդակցություն Արագածոտնի մարզում
2018-08-23
Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Խորհրդակցությանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, մասնակցել են մարզի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների պատասխանատուները:
Կրթության և գիտության նախարարի տեղակալը ներկայացրել է նոր ուսումնական տարվա մեկնարկին վերաբերող հիմնական խնդիրները և շեշտել, որ նախարարությունը կրթության բարեփոխումների իրականացման համար կարևորում է ոլորտի պատասախանատուների առաջարկությունները ու մասնագիտական դիտարկումները: Որպես սկզբունքային մոտեցում, որը որդեգրված է նախարարության կողմից, Լ. Առաքելյանը նշել է համակարգի ապաքաղաքականացումը:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ արդեն հաստատվել է 2018-19 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանը, որտեղ փոփոխություններ չեն կատարվել: Վարչության պետի խոսքով` փոփոխությունները որոշվել է հետաձգել գալիք տարվան: Զուգահեռաբար այժմ մշակվում են մի քանի նոր իրավական ակտեր, մասնավորապես հաստատման փուլում են գտնվում դասարանների կազմավորման, բազմահամակազմ դասարանների ձևավորման, տնօրենների թափուր տեղի համալրման կարգերը, քննարկվում է նաև ուսուցիչների ատեստավորման համակարգի փոփոխության հարցը:
Անդրադառնալով դպրոցներին անհրաժեշտ քանակի գրքերով ապահովելու խնդրին` Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ ըստ մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի` տարրական դպրոցի բոլոր դասագրքերրը տպագրվել են, որոշակի ուշացումներ կան միայն «Հայ ժողովրդի պատմություն» և «Շախմատ» առարկաների դասագրքերի տպագրման հետ կապված և տվյալ խնդիրը կլուծվի մինչև սեպտեմբերի 5-ը: Նախարարի տեղակալ Լ. Առաքելյանը հատուկ ընդգծել է, որ ամեն ինչ անել, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները դասագրքերի վարձավճարների հարցում դժվարություններ չունենան. «Փորձեք առավելագույնս մտնել մարդկանց վիճակի մեջ, նրանց հնարավորություն տալ մաս-մաս վճարել: Նույնը նաև համազգեստին է վերաբերում: Կարևորն այն է, որ երեխան դպրոց հաճախի կոկիկ և զուսպ հագնված, իսկ թե վերնաշապիկը ինչ գույն կունենա, կարևոր չէ: Համազգեստի պարտադրանքը, եթե այն սոցիալական բեռ է դառնում ընտանիքի համար, անընդունելի է»,- նշել է նախարարի տեղակալը: Նա նաև տեղեկացրել է, որ 2019-20թթ. ուսումնական տարում Արագածոտնի մարզն անցում է կատարելու համընդհանուր ներառման և այս տարի այդ նպատակով նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվելու:
Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարի տեղակալն ու վարչության պետը պատասխանել են տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների` հատկապես ավարտական քննությունները միասնական հանձնելու ԿԳ նախարարության նախաձեռնությանը: Տնօրենները մտահոգություն ունեն, որ դպրոցներն այս պահանջին պատրաստ չեն և դպրոցն ավարտող աշակերտներից շատերը միասնական քննություն հանձնելու դեպքում ավարտական վկայական չեն ստանա: «Մեր նպատակը կրթության որակի և արդյունքի չափումն է: Կարծում ենք, որ միասնական քննությունները ցույց կտան գիտելիքիների ստացման և գնահատման ամբողջական պատկերը: Ես հասկանում եմ բոլոր մտահոգությունները, բայց միասնական ավարտական քննությունը ստուգելու է նվազագույն գիտելիքները: Մենք պետք է չափման գործիք ունենանք, որպեսզի կարողանանք արձանագրել խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ»,- նշել է Լուսինե Առաքելյանը :
Հարցեր են հնչել նաև տնօրենների հավաստագրման, դպրոցների ֆինանսավորման, 12-ամյա պարտադիր կրթության, ուսումնական և առարկայական ծրագրերի վերաբերյալ: