Բոլոնիայի գործընթացով դեպի եվրոպական բարձրագույն կրթական տարածք
2007-06-28
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղը (ԲՀԻՕՀՀՄ) և Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնն այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում ժամը 15.00-ին կազմակերպել են սեմինար-խորհրդակցություն «Բոլոնիայի գործընթացով դեպի եվրոպական բարձրագույն կրթական տարածք. Բերգենից Լոնդոն» թեմայով:
Սեմինար-քննարկման համար հիմք է հանդիսացել 2007թ. Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի կողմից և ԲՀԻՕՀՀՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացված հետազոտությունը:
Սեմինարի նպատակն է Հայաստանի բուհերի, պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել հետազոտության արդյունքներին և ծավալել քննարկում բարձրագույն կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել առաջարկություններ այդ ոլորտի բարեփոխումների ռազմավարության և օրենսդրական աջակցության վերաբերյալ` Բոլոնիայի գործընթացի արդի պահանջներին համահունչ:
Սեմինարում կներկայացվի նաեւ Բոլոնիայի գործընթացի առկա վիճակը Հայաստանում և Բոլոնիայի անդամ այլ երկրներում` ըստ գործըթնացի 10 հիմնական ուղղությունների, կտրվի գնահատական իրականացվող բարեփոխումների ընթացքին և հիմնախնդիրներին` Բոլոնիայի գործընթացի համատեքստում: