Հայաստանի և Ռումինիայի միջև կրթության ոլորտում համագործակցության ծրագիր
2018-07-27
Հուլիսի 25-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի Ազգային կրթության նախարար Վալենտին Պոպան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Ռումինիայի ազգային կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին ծրագիրը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել կրթության ոլորտում փորձի, կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, կազմակերպել փորձագետների փոխանակում, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ծրագրերի իրագործում, խրախուսել հիմնական և ավագ դպրոցների միջև համագործակցությունը, ինչպես նաև խրախուսել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի համագործակցությունը:
Ստորագրման արարողությանը հետևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև գիտական և համալսարանական շրջանակների հետագա համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: