Արայիկ Հարությունյանն այցելել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
2018-07-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր այցելել են Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, որի ընթացքում հանդիպել են լաբորատորիայի աշխատակիցների հետ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել մեծ պատմություն ունեցող ինստիտուտում՝ վստահություն հայտնելով, որ այդ պատմությանը նոր էջեր կավելանան: «Իմ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ինչ-որ չափով հասցրել եմ ծանոթանալ գիտության ոլորտում առկա հիմնախնդիրներին, և քանի որ ֆիզիկան Հայաստանում շարունակում է զբաղեցնել գիտական արդյունքի մի զգալի հատվածը, հետևաբար այդ ուղղությանը պետք է ուշադրություն դարձնել և այն զարգացնել։ Այս ընթացքում նախարարությունը որոշակի բողոքներ է ստացել ինստիտուտի տարբեր խմբերից, որոնք հանդիպումներ են խնդրել ինձ հետ: Հետևաբար ես այստեղ եմ՝ բոլոր հարցերը բաց քննարկելու, միասին լուծումներ գտնելու և առաջ շարժվելու համար»-նշել է Արայիկ Հարությունյանը:
Աշխատակիցները մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք հիմնականում վերաբերել են ԱԱԳԼ-ի կառավարմանը և գիտության հիմնական ուղղություններին: Լսելով բոլոր կողմերին՝ նախարարը նշել է, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինստիտուտի ղեկավարության և աշխատակիցների միջև տարիներ շարունակ պատշաճ շփման խնդիր է եղել: «Եթե նման քննարկումներն ավելի հաճախակի լինեին, վստահ եմ, որ շատ խնդիրներ լուծում ստացած կինեին: Առաջարկում եմ բոլոր կողմերին առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստել իրենց առաջարկներն ու տարբեր հարցերի շուրջ պարզաբանումները, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպման ընթացքում»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հանդիպումն արդյունավետ էր բոլոր կողմերի համար:
Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Ռադիոիզոտոպների հետազոտման և արտադրության բաժնում, որտեղ ծանոթացել է իզոտոպներ ստանալու համար անհրաժեշտ սարքավորումներին և երիտասարդ գիտական աշխատողների ստեղծած ռոբոտին, որը հետագայում կիրառվելու է իզոտոպների արտադրության աշխատանքներում։ Արագացուցչային կենտրոնում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են արագացուցչի 60-ամյա պատմությունը և ներկայիս հնարավորությունները: ԱԱԳԼ-ի տարածքում գտնվող Միջուկային բժշկության կենտրոնում նախարարը ծանոթացել է լաբորատորիայի ֆիզիկոսների հետազոտությունների ծրագրին: