Բրիտանական խորհրդի անգլերենի ակումբների արդյունքների ամփոփում
2018-07-03
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2017-2018 թթ.-ին Հայաստանի 7 մարզում հիմնել է անգլերենի ակումբներ, որոնց գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Ողջունելով ծրագրի մասնակից դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին՝ նախարարի տեղակալը կարևորել է ակադեմիական և գործնական գիտելիքների տարանջատումը: «Երեխաներին գործնական գիտելիքներ փոխանցելը հատկապես համայնքներում շատ կարևոր է, քանի որ մեր երեխաները շատ հաճախ շփման խնդիր ունեն: Եվ այդ առումով խմբակների գործունեությունը կարևոր է, այդ թվում նաև մանկավարժական հմտությունների և մեթոդաբանության տեսանկյունից»,-նշել է Լուսինե Առաքելյանը: Նա կոչ է արել բովանդակային, կրթական քաղաքակականությանն առնչվող թեմաներով դիմել նախարարություն՝ ընդգծելով, որ ԿԳՆ-ն բաց է ցանկացած ծրագրի քննարկման համար: «Կարևորում եմ այս ծրագրի շարունակականության անհրաժեշտության հարցը, սակայն կարծում եմ, որ պետք է հնարավորություն ընձեռենք նաև մյուս համայնքների դպրոցներին՝ մասնակից լինել դրան»,-ընդգծել է Լ. Առաքելյանը:
Միջոցառման ընթացքում ծրագրում ներառված դպրոցների տնօրենների հետ քննարկվել են՝ թե ի՞նչ է տվել ծրագրի մասնակցությունը դպրոցին և աշակերտներին, և ի՞նչ կարծիքներ են նրանք ստացել ծնողներից և այլ դպրոցներից: Իսկ ուսուցիչները քննարկել են, թե ինչպե՞ս է ծրագիրը նպաստել իրենց մասնագիտական զարգացմանը և որո՞նք են շարունակական մարտահրավերները:
Նշենք, որ ծրագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանի համայնքներում 10-ից 15 տարեկան երեխաների ուսման և հետագա զարգացման հնարավորություններին` առաջարկելով նրանց անգլերենի արտադասարանական պարապմունքներ: Ծրագիրն իրականացվել է Միացյալ Թագավորության և Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի ֆինանսավորմամբ, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և Հայաստանի մանուկների հիմնադրամի համաֆինանսավորմամբ: