Ռեյմոնդ Գևորգյանն ընտրվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
2018-07-03
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը, որին ներկա էին խորհրդի 15 անդամից 11-ը: Նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով ներկայացրել է նիստի օրակարգը, այն է՝ ««Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի և տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն, տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու և տնօրենի պաշտոնակատարի նշանակման հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչպես է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը դարձել հիմնադրամ՝ վստահություն հայտնելով, որ թանգարան-ինստիտուտն իր արժանի տեղը կգրավի ՀՀ գիտական հաստատությունների շարքում:
Հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի ընդունումից հետո խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռեյմոնդ Գևորգյանը, ով թեև Հայաստանում չէր, սակայն հաղորդագրության միջոցով տվել է իր համաձայնությունը: Բաց քվեարկությամբ Ռեյմոնդ Գևորգյանը միաձայն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ Վլադիմիր Վարդանյանը՝ քարտուղար:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստին որոշում է կայացվել նաև հիմնադրամի տնօրենի պաշտոնի թափուր մրցույթ հայտարարել: ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել է տնօրենի պաշտոնակատար նշանակել հիմնադրամի գիտքարտուղար Նարինե Մարգարյանին՝ մինչև համապատասխան ընթացակարգով կհայտարարվի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ և հոգաբարձուների խորհուրդը կընտրի տնօրեն։ «Գևորգ Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ԿԳ նախարարություն, և թանգարան-ինստիտուտը մնացել է առանց տնօրենի, ինչի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել՝ աշխատավարձեր, ֆինանսական փաստաթղթեր և այլն»,-հայտարարել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ վերջինս կպաշտոնավարի անցումային փուլում, քանի որ ըստ տնօրենի ընտրության կանոնակարգի՝ տնօրենի ընտրությունը կարող է կայանալ առնվազն 50 օր հետո։ Փոխնախարարի առաջարկը խորհրդի անդամները միաձայն ընդունել են:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: