ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2007-06-28
1. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Հաշվի առնելով այն խնդիրը, որ Սփյուռքի կրթօջախները տկարացնող կարևորագույն պատճառներից է ուսուցչական կադրերի պակասը եւ մասնագիտական որակը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ, ամեն տարի ամռանը կազմակերպում է Սփյուռքի ուսուցիչների միամսյա վերապատրաստումÖ‰
Վերապատրաստման դասընթացներից բացի, շաբաթ և կիրակի օրերին կազմակերպվում են այցելություններ Հայաստանի տեսարժան և պատմամշակութային վայրեր, հանդիպումներ մշակույթի եւ պետական գործիչների, Հայաստանի կրթական համակարգի ներկայացուցիչների հետ:
Դասընթացների վերջում ունկնդիրները ստանում են ՀՀ կրթության և գիտության նախարության վկայագիրը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է վերապատրաստում նաև տեղերում՝ տվյալ հայ համայնքի հրավերով, Հայաստանից գործուղված մասնագետների միջոցով:
2. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԲՈՒՀԵՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է սփյուռքահայ դիմորդների՝ ՀՀ բուհեր նպատակային ընդունելություն, ըստ «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության մասին» կարգի: Ընդունելությունը հայագիտական մասնագիտությունների գծով կատարվում է ինչպես ՀՀ կառավարության կողմից ամեն տարի հաստատվող պետպատվերով ուսուցման, այնպես էլ` մյուս մասնագիտությունների գծով՝ վճարովի տեղերի շրջանակում: Իրականացվող քաղաքականությունը հնարավորություն է տալիս էական աջակցություն ցուցաբերել Սփյուռքի համար անհրաժեշտ կադրերի պատրաստման գործին:
3. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանավորությամբ, ամռան ընթացքում կազմակերպվում է սփյուռքահայ աշակերտների խմբերի այցելություն Հայաստան:
Այցելության ընթացքում առաջարկվում են շրջագայության երթուղիներ Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր և պատմաճարտարապետական հուշարձաններ, հաճախումներ թանգարաններ, մշակութային օջախներ, հանդիպումներ հայրենի արվեստագետների և գրողների հետ:
Յուրաքանչյուր խմբի այցելության ժամկետները, ծրագիրը և պայմանները համաձայնեցվում է առանձին:
4. ՍՓՅՈՒՌՔԻ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ
Սփյուռքի կրթօջախների տվյալների բազա ձեւավորելու, նրանց կրթական կարիքները ուսումնասիրելու և ըստ այդմ, ծրագրեր կազմելու համար իրականացվում է Սփյուռքի կրթօջախների քարտեզագրում: Այդ նպատակով կազմվել է նաև հատուկ հարցաթերթիկ, որն առաջարկվում է լրացնել:
5. ՍՓՅՈՒՌՔԻ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՈՒՄ
ՀՀ բյուջեի միջոցների հաշվին, ԿԳ նախարարությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է դասագրքերի եւ ուսումնաօժանդակ այլ նյութերի առաքում Սփյուռքի կրթօջախներÖ‰ Ծրագիրն իրականացվում է՝ ա) այն երկրներում, որտեղ հայկական դպրոցների ուսումնական ծրագրերը կազմվում են Հայաստանի ուսումնական ծրագրերի հիման վրա, բ) այն երկրներում, որտեղ հայկական դպրոցներն օգտագործում են Հայաստանում տպագրված ուսումնական գրականություն եւ Սփյուռքի համար հարմարեցված դասագրքեր:
ԿԳՆ Սփյուռքի բաժինն աշխատանքներ է կազմակերպում նաև արտերկրի հայկական դպրոցներում գործածվող դասագրքերի բարելավման և տվյալ երկրի պայմաններին համապատասխան նոր ձեռնարկներ ստեղծելու ուղղությամբ: Այդ աշխատանքներն իրականացվում են համատեղ աշխատանքային խմբերի միջոցով կամ դասագրքերի ստեղծման պատվերների հիման վրա:
Գրականություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում` ՀՀ ԿԳ նախարարի անունով:
6. ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ և ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՎ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երկամյա պարբերականությամբ կազմակերպում է Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադա:
Հայոց լեզվի և հայ գրականության համահայկական օլիմպիադան և այդ շրջանակում կազմակերպվող հայագիտական գիտելիքների մրցույթը ոչ միայն խրախուսում է հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, այլև օգնում է նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին:
7. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երկամյա պարբերականությամբ կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողով: Առաջին երկու խորհրդաժողովները կայացել են 2004 և 2006 թվականներին:
Խորհրդաժողովին մասնակցում են.
· Թեմական և ուսումնական խորհուրդների ներկայացուցիչներ,
· արտերկրում հայեցի կրթության ու դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և հաստատությունների երկուական ներկայացուցիչներ,
· կրթօջախների տնօրեններ (տեսուչներ), կամ նրանց մեկական ներկայացուցիչ,
· ուսուցիչներ,
· կրթության ոլորտի այլ մասնագետներ: