«Սարդարապատից Արցախ». շարադրությունների և նկարչական աշխատանքների համահայկական մրցույթ

2018-06-27

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի պետական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր «Սարդարապատից Արցախ» խորագրով շարադրությունների և նկարչական աշխատանքների համահայկական մրցույթ: Մրցույթին ներկայացվել էր 600 շարադրություն և 200 նկար Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր դպրոցներից:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովներն ամփոփել էին մրցույթի արդյունքները: Աշխատանքների հավաքագրման գործընթացում իրենց մեծ ներդրումն են ունեցել նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, որոնք համադրել են սփյուռքի և ՀՀ հանրակրթական դպրոցներից ներկայացված աշխատանքները: Հաղթող ճանաչված դպրոցականներն այսօր հյուրընկալվել են կրթության և գիտության նախարարությունում: Նրանց ողջունել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Նախարարի տեղակալի խոսքով` անձամբ ընթերցել է մի քանի շարադրություն և տպավորված է, որ երեխաները կարողացել են ներկայացնել հետազոտական աշխատանք. «Առաջին հանարապետության 100-ամյակի թեման մեզ համար կարևոր է պատմական տեսանկյունից. հարյուրամյակների ընդմիջումից հետո, վերագտնելով պետականությունը, մենք արձանագրեցինքն ազգային երազանքի իրագործումը: Այս տարի պետական մակարդակով նշելով 100-ամյակի հոբելյանը` մենք վերաիմաստավորեցինք այդ մեծ երազանքը»,- իր խոսքում նշել է Արևիկ Անափիոսյանը:
Համահայկական մրցույթում հաղթող է ճանաչվել 20 շարադրություն և նույնքան նկար: Շարադրությունների մրցույթում հաղթել է Աշոտ Հովակիմյանը (Հայաստան), նկարչական մրցույթում` Էլեն Հակոբյանը (Հայաստան): Հաղթողներից 15 լավագույններն արժանացել են մրցանակների:
​Մրցույթում հաղթող ճանաչված երեխաների շարադրությունները և նկարները տպագրվել են միասնական ժողովածուի մեջ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։