Շարունակվում է դուալ կրթական համակարգի պիլոտավորումը ՀՀ քոլեջներում
2018-06-20
Երևանի պետական հումանիտար քոլեջի և «Փարիզ Հոթել», «Իմպերիալ Պալաս», «Լարկո Գրուպ», «Էքսպոմեդիա», «Կրիստալ Ռեզորթ Աղվերան» ՍՊ ընկերությունների միջև այսօր կնքվել են երկկողմանի փոխըմբռնման հուշագրեր՝ դուալ ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ: Միջոցառումը տեղի է ունեցել Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին զբոսաշրջային և սպասարկման ոլորտի ծառայություններ առաջարկող ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ՄԿՈՒ ոլորտում վերջին տարիներին իրականացվել են մեծածավալ բարեփոխումներ: «GIZ-ի աջակցությամբ նախորդ տարի մեկնարկել է դուալ համակարգի ներդրման գործընթացը, որի նպատակը քոլեջների և վերապատրաստում տրամադրող ձեռնարկության միջև սերտ համագործակցության ապահովումն է: Համապատասխան գիտելիքներով և հմտություններով օժտված որակյալ մասնագետների պատրաստումն անհնար է՝ առանց գործատուների անմիջական մասնակցության»,-նշել է Ա. Պողոսյանը:
ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանի խոսքով՝ մեր երկրում դուալ համակարգի ներդրման գործընթացը երկար ճանապարհ է անցել. իրականացվել է եվրոպական փորձի ուսումնասիրություն, մշակվել մեթոդաբանություն և իրականացվել տեղայնացում: Ըստ Յուլիա Ստակյանի՝ հուշագրերի շրջանակում «Զբոսաշրջային ծառայությունների սպասարկման մենեջեր» որակավորմամբ պատրաստվող ուսանողները քոլեջում տեսական ուսուցմանը զուգահեռ գործնական հմտություններ ձեռք կբերեն վերը նշված զբոսաշրջային և սպասարկման ոլորտի ծառայություններ առաջարկող ընկերություններում՝ ըստ մշակված և պիլոտավորվող դուալ ուսուցման մեթոդաբանության: Նրա խոսքով՝ ծրագիրը նպաստում է կրթական ու մասնավոր հատվածների կայուն համագործակցությանը Երևան քաղաքում ու Կոտայքի մարզում՝ պատրաստելու և վերապատրաստելու միջին օղակի մասնագետների նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԳՄՀԸ-ի համագործակցության շրջանակում Երևանի պետական հումանիտար, Վայոց Ձորի, Տավուշի և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջներում արդեն պիլոտավորվում է գերմանական դուալ համակարգը: Այն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջիններիս մրցունակությունը աշխատաշուկայում: Համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան: Դուալ համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը: