Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կբացվի սեպտեմբերի 1-ին

2018-06-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Ողջունելով  դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է կրթության ոլորտի զարգացումը և այդ համատեքստում կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը: Արայիկ Հարությունյանը բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդման գործում կարևորել է Երևանում կառուցվող չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը, որի բացումը նախատեսվում է արդեն այս ուսումնական տարվա մեկնարկին:

Շնորհավորելով Արայիկ Հարությունյանին ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝  դեսպան Թիեն Ըրլոնգը հույս է հայտնել, որ կրթության բնագավառում առկա  գործնական համագործակցությունը կընդլայնվի: Անդրադառնալով Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացմանը՝ դեսպանը հավաստիացրել է, որ ստանձնած պարտավորությունների շրջանակում չինական կողմը ժամկետում՝ օգոստոսի երկրորդ կեսին, ամբողջությամբ կավարտի դպրոցի շինարարությունը: Միաժամանակ նա նշել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ  է աջակցել չինարեն լեզվի դասավանդման հարցում և այս ուսումնական տարի դպրոց կգործուղի համապատասխան ուսուցիչներ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջպետական  ծրագրերով Հայաստանի և Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին, ինչպես նաև հայ-չինական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցերին: 

 

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։