«Նոր սերնդի կրթություն» հարթակ. ԿԳՆ-«Թումո» նոր նախաձեռնություն
2018-05-26
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնել են «Նոր սերնդի կրթություն» հարթակը, որը յուրաքանչյուր կազմակերպության և շահագրգիռ անձի հնարավորություն կընձեռի ներկայացնել և քննարկել կրթությանը վերաբերող նոր նախաձեռնություններ ու գաղափարներ, ինչպես նաև կհամակարգի նախագծերի հավաքակազմ և ճանապարհային քարտեզ՝ միտված բարձրորակ, մատչելի կրթական համակարգի ձևավորմանը:
Այսօր «Թումո» կենտրոնում մեկնարկել է հարթակի քննարկումների առաջին շարքը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: Նախարարը, ողջունելով քննարկման մասնակիցներին, նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում կրթության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: «Սա կարևոր ազդակ է այն առումով, որ հեղափոխությունից հետո նոր իշխանություններն այս ոլորտում պատրաստվում են լուրջ փոփոխություններ իրականացնել: Մենք ունենք մասնագետների և փորձագետների կարիք՝ նոր ծրագրեր և հայեցակարգեր ոլորտ բերելու համար: Կարծում եմ՝ այդ առումով այս քննարկումներն արդյունավետ են լինելու»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ մասնակիցներին կոչ անելով կենտրոնանալ լուծումների վրա: «Որպես կրթության փորձագետ՝ տարիներ շարունակ մասնակցել եմ բազմաթիվ քննարկումների, որտեղ հիմնականում բարձրացվել են խնդիրներ, սակայն լուծումներ քիչ են առաջարկվել: Այս շաբաթների իմ գործունեության ընթացքում օպերատիվ լուծում պահանջող մի շարք խնդիրներ եմ վերհանել և ռազմավարական փոփոխություններ իրականացնելու համար ցանկանում եմ օգտագործել ոչ միայն մեր թիմի փորձառությունը, այլ նաև այսպիսի հարթակներում հնչած նոր գաղափարները ներառել մեր ծրագրերում՝ նախադպրոցականից մինչև մինչև հետբուհական կրթություն»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ բոլոր ոլորտներում առկա են լրջագույն խնդիրներ: «Խզված է կրթություն-աշխատաշուկա, ինչպես նաև նորարարակական ուղղությունների միջև կապը, որոնց վերականգնման խնդիր կա: Առաջնային է նաև բուհերի և դպրոցների ապաքաղաքականացման և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման խնդիրը: Ուսումնասիրելով ԿԳՆ-ի բյուջեն՝ եկել եմ այն եզրահանգման, որ առկա են բավականին մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր, որոնք հասնում են տասնյակ, հարյուրավոր մլն դրամների»,-նշել է նախարարը՝ վստահեցնելով, որ այդ ռեսուրսների ճիշտ բաշխման արդյունքում հնարավոր է արդյունավետ ծրագրեր իրականացնել:
Միջոցառման ընթացքում քննարկվել է երկու թեմա՝ «Հանրակրթության բովանդակության և մանկավարժություն» և «Բարձրագույն կրթություն և կադրային մրցունակություն», որոնց վերաբերյալ ելույթներով հանդես են եկել կրթության ոլորտի հայտնի փորձագետներ: