Հանրապետության դպրոցներում այսօր հնչում է վերջին զանգը
2018-05-25
Հանրապետության դպրոցներում այսօր հնչել է վերջին զանգը. 2017-18 ուսումնական տարում 12-րդ դասարանն ավարտում է շուրջ 10 հազար շրջանավարտ:
Օրվա առիթով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այցելել էր Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց՝ Վերջին դասի ավարտական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը, սաներին հղելով մաղթանքի խոսքեր, ընթերցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին:
Շնորհավորելով դպրոցի բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «Ձեզ համար կյանքի կարևոր մի դրվագ ավարտվում է, և սկսվում է էլ ավելի կարևոր շրջան, երբ ձեզանից շատերը կընդունվեն բուհեր, որոշ մասը կգնա բանակ՝ հայրենիքին ծառայելու: Դուք այս դպրոցի 50-րդ և միևնույն ժամանակ՝ 12-ամյա կրթության առաջին շրջանավարտներն եք: Բացի այդ, ձեզ համար կարևոր և հետաքրքիր մի շրջափուլ է բացվել, քանի որ այլևս չկա հին Հայաստանը: Մենք բոլորս լծվելու ենք նոր Հայաստանի կերտման գործին, յուրաքանչյուրս՝ մեր տեղում, և ձեզանից շատերը, գնալով բուհ, լավ սովորելով կամ ծառայելով հայրենիքին որևէ ոլորտում, իրենց նպաստն են բերելու նոր Հայաստանի կառուցմանը»: