Լրագրողների հարցերը՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
2018-05-17
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես, քննությունների օրերի հետաձգման հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել առ այն, որ Համաժողովրդական շարժմանը մասնակցելու պատճառով աշակերտները հնարավորություն չեն ունեցել հավուր պատշաճի պատրաստվել քննություներին, հետևաբար քննարկելով խնդիրը տարբեր գերատեսչությունների հետ՝ որոշում է կայացվել դրանք հետաձգել մեկ շաբաթով:
Լրագրողները հետաքրքրվել են նաև «Լույս-2» հիմնադրամի ստեղծման հնարավորության մասին: «Ես պարզապես խոսել եմ նախաձեռնության մասին. նախարարի պաշտոնում եմ ընդամենը 3 օր, և այդ հարցի վերաբերյալ դեռևս լուծումներ չունենք: Առայժմ քննարկումների փուլում ենք, բայց կփորձենք ստեղծել «Լույսի» այլընտրանքը: Նաև բովանդակային առումով այն ինչ-ինչ փոփոխությունների կենթարկվի, որովհետև ինչպես հասկանում եմ, «Լույսը» ոչ միայն կրթական ծրագրեր է իրականացրել, այլև զանազան մարդկանց է հովանավորել՝ տարբեր նախագծեր իրականացնելու»,-նշել է նախարարը: Ի պատասխան լրագրողի հարցի՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ չունի տվյալներ, թե «Լույսի» կրթաթոշակառուների քանի տոկոսը Հայաստանում չի ապրում: «Չեն ապրում, ուրեմն չեն եղել այն պայմանները, որպեսզի այդ մարդիկ հնարավոություն ունենային ինքնադրսևորվել: Այս կառավարության հիմնական նպատակն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի այդ մարդիկ երբևէ չմտածեն Հայաստանից արտագաղթելու մասին»:
Անդրադառնալով օտարալեզու դպրոցների խնդրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ սկզբունքը պետք է լինի ոչ թե օտարալեզու դպրոցների հիմնումը, այլ այդ լեզուների՝ պատշաճ որակով դասավանդումը: Նախարարն անդրադարձել է նաև գիտության հիմնախնդիրներին՝ նշելով, որ գիտության ոլորտում գործող օրենսդրությունը բավականին հաջող է, պարզապես անհրաժեշտ է տրամադրվող միջոցների արդյունավետ բաշխում և արդյունքների գնահատում: «Ներկայումս կրթության ոլորտում առկա է բավարար գումար, պարզապես այն պետք է ճիշտ բաշխել: Միաժամանակ նշեմ, որ մեր ռազմավարական նպատակներից է կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացումը: Բացի այդ, օրենքով է սահմանված, որ 4 տոկոս պետք է տրամադրվի կրթությանը՝ ՀՆԱ-ի համեմատ»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանը նաև լրագրողներին վստահեցրել է, որ շարունակել է դասավանդել Երևանի պետական համալսարանում: «ԵՊՀ-ն լինելու է վերջին տեղը, որտեղից ես դուրս կգամ»,-նշել է նա: