Կոչ ենք անում վերականգնել բնականոն ուսումնական գործընթացը Շիրակի պետական համալսարանում

2018-05-07

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար: Միաժամանակ ընդգծում ենք, որ անթույլատրելի է բուհում ծագած աշխատանքային չկարգավորված հարաբերությունները տարածել նաև ուսանողների վրա, հատկապես նրանց համար այս պատասխանատու շրջանում, երբ առաջիկայում հերթական քննաշրջանն է և նման դրսևորումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ակադեմիական արդյունքների վրա: Անդրադառնալով ամիսներ շարունակ Շիրակի պետական համալսարանում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին` հարկ ենք համարում նշել, որ այդ խնդիրները բազմիցս քննարկվել են Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների, մասնավորապես նախկին նախարար Լևոն Մկրտչյանի և ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի մասնակցությամբ, որոնց վերաբերյալ կատարվել է հանրային իրազեկում:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել աշխատանքային խնդիրները լուծել բացառապես իրավական ճանապարհով: Եթե առաջ են եկել նոր խնդիրներ ևս, ապա դրանց լուծման լավագայուն տարբերակը կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրելն է` մտահոգիչ հարցերից բխող օրակարգով:

Ինչ վերաբերում է շրջանառվող հայտարարություններին, թե ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը երկուշաբթի ժամը 12-ին կլինի Գյումրիում, հարկ ենք համարում նշել, որ նման պայմանավորվածություն չի եղել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը պատրաստ է մասնակցել ՇՊՀ կառավարման խորհրդի արտահերթ նիստին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։