Շարունակվում է դուալ կրթական համակարգի պիլոտավորումը ՀՀ քոլեջներում

2018-04-12

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը, «Բրեյն Ֆորս» և «Ինստիգեյթ Դիզայն» ՏՏ ընկերությունները Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի հետ կնքել են երկկողմանի փոխըմբռնման հուշագրեր՝ դուալ ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական /արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչ Յուլիա Ստակյանը:  

ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, տեղեկացրել է, որ նախարարության և ԳՄՀԸ-ի համագործակցության շրջանակում Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի տարածաշրջանային պետական և Երևանի հումանիտար քոլեջներում արդեն պիլոտավորվել է գերմանական դուալ համակարգը: «Սա Եվրոպայի լավագույն փորձն է ՄԿՈԻ ոլորտում, և պատահական չէ, որ իրականացվող բարեփոխումների շրջանակում ընտրվեց հենց դուալ համակարգը: Բազմաթիվ գործատուներ ոգևորված են այս նախաձեռնությամբ, և ես վստահ եմ, որ մի քանի տարի հետո դուալ կրթություն իրականացնող ուսհաստատությունների թիվը կտրուկ կավելանա, և մենք կտեսնենք իրականացվող բարեփոխումների արդյունքը: Դուալ համակարգը նաև մասնավոր հատված–պետություն համագործակցության լավագույն օրինակներից է. այն գործնականի և տեսականի լավագույն համադրումն է»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ շնորհակալություն հայտնելով Գյումրիի ՏՏ ընկերություններին՝ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի հետ համատեղ ուժերով տնտեսությանն անհրաժեշտ որակյալ կադրեր պատրաստելու համար: «ՏՏ-ն համարվում է ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը. այդ պատճառով պետպատվերի տեղերը տարեցտարի ավելանում են: Դիմորդների խնդիր ևս չկա. տարբեր հաշվարկներով՝ այսօր ՏՏ ոլորտում 2000-ից ավելի թափուր աշխատատեղ կա»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ ավելի քան 10 տարի մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումներին բովանդակային և ֆինանսական լուրջ աջակցություն ցուցաբերելու համար:

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչ Յուլիա Ստակյանի խոսքով՝ ստորագրված հուշագիրը կնպաստի կրթական ու մասնավոր հատվածների կայուն համագործակցությանը Շիրակի մարզում և կսահմանի երկկողմ գործողությունների իրականացման գործընթացը՝ պատրաստելու և վերապատրաստելու նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով միջին օղակի մասնագետների՝ ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: «Հուշագրերի շրջանակում քոլեջի «Տեխնիկ-ծրագրավորող» որակավորմամբ պատրաստվող ուսանողները քոլեջում տեսական ուսուցմանը զուգահեռ գործնական հմտություններ ձեռք կբերեն վերը նշված ՏՏ ընկերություններում՝ ըստ մշակված և պիլոտավորվող դուալ ուսուցման մեթոդաբանության»,-նշել է նա:

Միջոցառման ընթացքում նաև վկայականներ են շնորհվել «Վեբ տեխնոլոգիաների կիրառում» ներքոլեջային մրցույթի հաղթողներին:

Հուշագրի ստորագրմանը նախորդել է մարզի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային տոնավաճառը, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց ծրագրերը:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։