Ներառականության հարցում հակադիր ճամբարներ չեն կարող լինել
2018-04-11
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է «Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագրի մասնակից շուրջ 60 երիտասարդների և ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նվիրված էր ՀՀ-ում ներառական կրթության հիմնախնդիրներին, նախարարության քաղաքականությանը տվյալ ոլորտում, ինչպես նաև երիտասարդների մասնակցությանը՝ այդ խնդիրները բարձրաձայնելու գործընթացում:
Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին՝ նման հանդիպում կազմակերպելու համար: «Երբ խոսում ենք ներառական կրթության մասին, հիմնականում նկատի ենք ունենում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, սակայն ներառականությունը շատ ավելի խորը հասկացություն է: Կրթության մեջ ներառական հիմնախնդիր է, օրինակ, սիրիահայերի ինտեգրումը՝ հաղթահարելու առկա դժվարությունները կամ տաղանդավոր երիտասարդների խնդիրը՝ նրանց շահերը պաշտպանելու առումով: Այսինքն՝ որոշակի խմբերի՝ ընդհանուր համակարգի մեջ ներառվելը կրթական հիմնախնդիր է՝ անկախ նրանից, թե ինչ սկզբունքով է այն ձևավորված՝ գիտական, սոցիալական և այլն: Սա է ներառական կրթության փիլիսոփայությունը, սակայն քանի որ ամենամեծ խնդիրները վերաբերել են հատուկ կարիքներ ունեցողներին, շեշտադրումը գնացել է այդ ուղղությամբ: Երբ ժամանակին սկզբունքային որոշում կայացվեց՝ անցնել ներառական կրթության, մենք դիմագրավեցինք բազմաթիվ մարտահրավերների: ՀՀ մի քանի մարզում փորձնական ներդրեցինք համընդհանուր ներառականության համակարգը, որպեսզի արձանագրենք բացահայտված խնդիրները և ողջ հանրապետությունում այն ներդնելուց առաջ, այն է՝ մինչև 2022 թվականը, դրանք հասցնենք նվազագույնի: Կարծում եմ՝ մարզերում, այնուհանդերձ, պետք է պահել 1-2 կենտրոն՝ հատուկ կարիք ունեցող այն երեխաների համար, որոնց իսկապես հնարավոր չէ ներառել»,-նշել է նախարարը՝ որպես ներառականության անցման մարտահրավերներ ներկայացնելով նաև ուսուցիչների և հասարակության պատրաստվածության խնդիրը: «Միայն ուսուցչի օգնականի հաստիքը բավարար չէ. այսօր վերապատրաստման լուրջ գործընթացի կարիք ունենք: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա պետք է ուրախությամբ փաստել, որ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ նաև մեզ հաջողվել է հասնել այն գիտակցությանը, որ ներկայումս հասարակության մեծամասնությունն ընդունում է ներառականության գաղափարը: Այս խնդրում, սակայն, պետք է անտեղի շտապողականություն չցուցաբերել, որը կրկին կարող է դժգոհության առիթ հանդիսանալ: Այսինքն՝ համակարգը պետք է ներդրվի աստիճանաբար և որակով, որ ծնողներն անհարկի չանհանգստանան, հասարակության հետ բացատրական աշխատանք տարվի՝ քայլ առ քայլ ներգրավվելու այդ գործընթացում: Այստեղ մեծ գործ ունեն կատարելու հասարակական հատվածը և մամուլը, որպեսզի հասարակությունը չբաժանվի երկու հակադիր ճամբարների՝ ներառականությանը կողմ և դեմ»,-ընդգծել է նախարարը:
«Ջինիշյան հիմնադրամի քաղաքացիական հասարակության և կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանի խոսքով՝ «Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագրի նպատակն է՝ հզորացնել Երևանի, Գյումրու, Վանաձորի և Գավառի երիտասարդներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել արդյունավետ հետազոտություններ, բացահայտել և խորացնել նրանց ընկալումը թեժ հասարակական, տնտեսական և քաղաքացիական հիմնախնդիրների վերաբերյալ և ազատ արտահայտել իրենց գաղափարները:
Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել ՀՀ ԿԳ նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ներառականության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան միջավայրի ստեղծման, ներառականության շարունակականության ապահովման, մասնավորապես, բուհական համակարգում որակյալ մասնագետների և մեթոդական աջակցության ապահովման և այլ հարցերի: