Նախարարն ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտորին

2018-04-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանին:

Ողջունելով  հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այդ համատեքստում շեշտելով ինժեներատեխնիկական և բնական գիտությունների համատեղ կլաստերներ ձևավորելու նախաձեռնությունը, որը հիմքեր կստեղծի երկու երկրների գիտակրթական ներուժի՝ առավել արդյունավետ դրսևորման և զարգացման համար: Անդրադառնալով վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ գիտության ոլորտում համագործակցության խորացման և զարգացման նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել  Ռուսաստանի գիտական խոշոր կենտրոնների, մասնավորապես, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ՝ միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով նախարար Լևոն Մկրտչյանին ընդունելության համար՝ ռեկտոր Պողոսյանը կարևորել է հայ-ռուսական   գիտակրթական համագործակցության  ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, մասնավորապես համալսարանական գիտության և բնագիտական ուղղությունների համատեքստում: Նա պատրաստակամություն է հայտնել  ակտիվացնել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հարաբերությունները Հայաստանի համալսարանական գիտական կենտրոնների հետ՝  գիտական կոնկրետ  ծրագրերի իրականացման  համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանական գիտության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։