Գրական միջոցառում «Հավերժի ճամփորդները»
2018-04-05
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այցելել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց, որտեղ նա ծանոթացել է ուսումնական գործընթացին: ԿԳ նախարարի տեղակալը ներկա է գտնվել դպրոցում կազմակերպված «Հավերժի ճամփորդները» խորագրով գրական միջոցառմանը՝ նվիրված մեծանուն գրող Եղիշե Չարենցին և հայտնի սիրերգակ Սայաթ-Նովայի հիշատակին:
Միջոցառման ավարտին՝ ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել տնօրեն Ա. Ղազարյանին, դպրոցի մանկավարժներին և աշակերտներին՝ տարբեր ժամանակներում ապրած և ստեղծագործական գործունեություն ծավալած երկու հայտնի ստեղծագործողների կերպարային ընդհանրությունները գտնելու և դրանք բեմականացման միջոցով մատուցելու համար. «Դասական ստեղծագործությունների բեմականացումը գրականության դասավանդման արդյունավետ մեթոդ կարող է լինել, որովհտև այդ դեպքում դասավանդման և ուսուցման փուլերը միահյուսվում են և այդ ամբողջ գործընթացին մասնակից է դառնում աշակերտը: Դա հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ և սովորել գրական ստեղծագործությունը, այլ նաև այն մատուցել աշակերտների մեկ այլ խմբի: Կարծում եմ, որպես գրականության դասավանդման մեթոդական նորարարություն, այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:
Հանդիպման ավարտին Մ. Մկրտչյանը խոստացել է մանկավարժների և աշակերտների հետ առաջիկայում հանդիպում ունենալ՝ դասավանդման նոր ուղղղություններին վերաբերող նրանց դիտարկումները լսելու և քննարկելու նպատակով: