Նախարարը հանդիպեց օտարերկրյա ուսանողներին
2010-03-02
ՀՀ բուհերում օտարերկրյա քաղաքացիների ուսումնառության հետ կապված խնդիրները վերջին շրջանում գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում: Համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել, մասնավորապես, «Հայբուսակ» համալսարանում, որը երկու անգամ դիմել էր նախարարություն` անգլերեն լեզվով օտարերկրացիների կրթության իրականացման հետ կապված թույլտվություն ստանալու համար:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բուհի կողմից ներկայացված ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում անգլերեն լեզվով բժշկական կրթություն իրականացնելու նվազագույն պետական կրթական չափորոշչին, և նախարարի կողմից մերժվել էր այդ հնարավորությունը: Բուհում սովորող օտարերկրյա ուսանողներին թույլատրվել էր շարունակել ուսումը մինչև առաջին կիսամյակի ավարտը, որից հետո նրանց հնարավորություն է տրվել սահմանված կարգով տեղափոխվել օտար լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող բժշկական մեկ այլ բարձագույն ուսումնական հաստատության նույն կուրս՝ ուսման նույն վարձավճարով: Վերոնշյալ որոշումը որոշակի մտահոգության տեղիք էր տվել «Հայբուսակ» համալսարանի արդեն նախկին ուսանողների շրջանում, որոնք նախարարի հետ հանդիպում էին խնդրել: Արձագանքելով ուսանողների նախաձեռնությանը` այսօր նրանց ընդունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աջալ-Կումար Մալիորան: Նախարարը հանդիպմանը ներկա Հնդկաստանի Հանրապետության, ինչպես նաև Լիբանանի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին մանրամասն բացատրեց ստեղծված իրավիճակը: Նա նշեց, որ նախարարությունը շահագրգռված է օտարերկրյա քաղաքացիների ուսումնառությունը Հայաստանում կազմակերպելու տեսանկյունից, սակայն այն ինքնանպատակ չէ, և անհրաժեշտ է ապահովել չափորոշիչներին համապատասխան կրթության որակ: ««Հայբուսակ» համալսարանը պարտավոր էր ձեզ հեռացնել, և 11 ուսանող արդեն հեռացվել է, իսկ եթե դուք դեռևս հեռացված չեք, դա նախարարի հրամանի խախտում է»,-նշեց նախարարը և մատնանշեց ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երեք ուղի` առաջինը. տեղափոխվել ԵՊԲՀ, որն այսօր հանդիսանում է օտար լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող միակ բժշկական բարձագույն ուսումնական հաստատությունը հանրապետությունում` հավելելով, որ ուսանողների տեղափոխման ժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 12-ը: Բացի այդ, երիտասարդները կարող են ուսումնառությունը շարունակել այլ երկրի բուհում է և, վերջապես, կարող են սպասել այնքան ժամանակ, մինչև «Հայբուսակ» համալսարանը կշտկի առկա թերությունները և թույլտվություն կստանա իրականացնել համապատասխան կրթություն, որը լավագույն պարագայում հնարավոր է միայն նոր ուսումնական տարվանից:
Հանդիպման ընթացքում ուսանողների կողմից հնչեցին հարցեր; Վերջիններս նախարարին խնդրեցին հնարավորություն տալ տեղափոխվել նույն համալսարանի հայերեն կամ ռուսերեն լեզվով ուսուցման ֆակուլտետներ, որին ի պատասխան` նախարարը նշեց, որ ՀՀ օրենսսդրությամբ նման հնարավորություն ընձեռված չէ;
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ԱՊՀ անդամ այլ երկրներից տեղափոխված ուսանողների խնդիրներին: Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի «Հայբուսակ» համալսարանին արգելվել է իրականացնել օտարերկրացիների ընդունելություն կամ տեղափոխություն:
Հանդիպման ավարտին Ա. Աշոտյանը նշեց, որ օտարերկրյա ուսանողների շահերի պաշտպանության նպատակով նախարարությունը դեռևս ամիսներ առաջ է բարձրաձայնել խնդիրը տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում: «Բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովմանը միտված նախարարության քաղաքականությունը նախևառաջ բխում է ուսանողների շահերից»,-նշեց Ա. Աշոտյանը:












