Մարզային օրագիր. Աշխատանքային այց Արմավիրի մարզ

2018-04-05

Դպրոցների կառավարման  խորհուրդներ, անցում համընդհանուր ներառականության, փոքր դպրոցների օպտիմալ կառավարման համակարգ. այս և մարզի հանրակրթության համակարգին վերաբերվող այլ խնդիրներ էին ընդգրկված ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի օրակարգում:

Ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է ցանկացած նախագծի հանրային լայն քննարկումների կազմակերպումը, մասնավորապես ոլորտի մասնագետների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  հաճախ  համակարգային նույն խնդիրը պայմանավորված մարզի առանձնահատկությունից կարող է տարբեր լուծումներ պահանջել: Անդրադառնալով  դպրոցների կառավարման գործող համակարգին` Լևոն Մկրտչյանը նշել է, որ կառավարման խորհուրդները շատ հաճախ ձևական բնույթ են կրում և, որպես կանոն, իրենց առաքելությունը չեն իրականացնում: Հետևաբար,  նախարարությունում մշակվում է դպրոցների կառավարման  համակարգի նոր մոդելի նախագիծը: Նախարարի խոսքով, առաջարկվող տարբերակներից մեկն էլ խորհուրդների խոշորացումն ու հստակ գործառույթների ամրագրումն է: ԿԳ նախարարը հորդորել է հանդիպմանը ներկա դպրոցների տնօրեններին ակտիվորեն մասնակցել քննարկումներին ու ներկայացնել կառուցողական առաջարկներ, որոնք կնպաստեն առավել գործուն և արդյունավետ  համակարգի մշակմանը:

Այս ուսումնական տարվանից Արմավիրի մարզն անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության, հետևաբար քննարկումը չէր կարող շրջանցել անցման շրջանին հատուկ խնդիրները: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի  խոսքով, մարզում որոշակի մտահոգություններ կան, որ մարզի հանրակրթական դպրոցները դեռևս լիարժեք պատրաստ չեն արդյունավետ կազմակերպել ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների ուսուցումը, ուստի առնվազն մեկ հատուկ դպրոցի գոյությունն անհրաժեշտություն է: Կիսելով մտահոգությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել բոլոր երեխաների կրթական կարիքները և այն դեպքում, երբ դպրոցները չունեն բավարար հնարավորություններ տվյալ երեխաների կարիքներին համապատասխան կրթության  ապահովման համար, ապա ուսուցումը պետք է կազմակերպել հատուկ դպրոցներում: Միաժամանակ, Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ անհրաժեշտ է զարգացնել դպրոցների հնարավորություննները, որպեսզի հեռանկարում կարողանանք ապահովել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև մարզում ավագ դպրոցների և փոքր դպրոցների արդյունավետ կառավարման խնդրներին: Մարզի կրթության պատասխանատուներն այն տեսակետին են, թե ներկայում մարզում ավագ դպրոցների թիվը բավականին մեծ է և արդյունավետ հոսքային ուսուցում կազմակերպելու համար կարիք կա դրանք միավորել: Համաձայնելով ոլորտի մասնագետների հետ՝ ԿԳ նախարարը նշել է, որ այժմ մշակվում է հանրապետության ավագ դպրոցների զարգացման նոր համակարգի և փոքր դպրոցների արդյունավետ կառավարման նոր մոդելների     նախագիծը:

Այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևներ են հանձնել դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների Արմավիրի մարզային փուլում հաղթող ճանաչված աշակերտներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։