Քննության արդյունքները` վարկանիշային ցուցանիշ

2010-03-02

Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարությունը տեղեկություն է տարածել օտարերկրյա բժշկական հաստատություններ ավարտած 2009 թվականի շրջանավարտների պետական քննության արդյունքների վերաբերյալ: Համաձայն տեղեկատվության, որը զետեղված է նախարարության պաշտոնական կայքում /www.mhe.gov.sy/, Հայաստանի Հանրապետության բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդները ցուցաբերել են 58 տոկոս արդյունք և վարկանիշային տվյալներով գրավել չորրորդ տեղը:
Առաջին եռյակում արաբական երկրների բուհերի շրջանավարտներն են, ովքեր կրթությունը ստացել են մայրենի լեզվով: Առաջին տեղում Եգիպտոսի բժշկական ուսումնական հաստատությունների օտարերկրյա շրջանավարտներն են, ովքեր ցուցաբերել են 69,5 տոկոս, երկրորդը` Հորդանանի,  երրորդը` Արաբական Միացյալ Էմիրությունների, ովքեր համապատասխանաբար ցուցաբերել են 61 և 60 տոկոս արդյունքներ:
ՀՀ բժշկական հաստատությունների շրջանավարտները, գրավելով չորրորդ հորիզոնականը, իրենց ցուցաբերած գիտելիքներով շուրջ երկու անգամ գերազանցել են ԱՊՀ անդամ երկրների ուսումնական հաստատությունների շրջանավարտներին: Հինգերորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության շրջանավարտներն են` 30 տոկոս, ապա Ուկրաինան` 29, Բելոռուսը` 27 և Մոլդովան` 26 տոկոս արդյունքներով:
Երևանի պետական բժշկական համալսարանը  գերազանցության դիպլոմով  ավարտած Օմար Աբդուլ Քարիմ Քեշկան ցուցաբերել է 76 տոկոս առաջադիմություն և մասնակիցների վարկանիշային ցուցակում գրավել երկրորդ հորիզոնականը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։