«Ոսկե հուշամեդալ»` ներդրած նշանակալի ավանդի համար

2018-03-30

Այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ով նույն պաշտոնը զբաղեցնում էր մարզպետարանի հիմնադրման սկզբից՝ 1996 թվականի մարտից: Այդ կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել հրաժեշտի հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները: Մանուկ Մկրտչյանը նշել է, որ Գարիկ Բադալյանն իր գործին նվիրված ու գիտակ անձնավորություն է, ում աշխատանքը տարիներ շարունակ բարձր է գնահատվել նախարարությունում: Նա հույս է հայտնել, որ Գարիկ Բադալյանի՝ երկարամյա աշխատանքի արդյունքում ձևավորված լավագույն ավանդույթները, ձեռքբերումները և փորձն արդյունավետ կօգտագործեն մարզի կրթության ոլորտի հաջորդ պատասխանատուները: Կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մանուկ Մկրտչյանը Գարիկ Բադալյանին է հանձնել ԿԳ նախարարության   բարձրագույն պարգևը՝ «Ոսկե հուշամեդալը»:

Գեղարքունիքի մարզի պատասխանատուները և հանրակրթական դպրոցների տնօրենները ևս շնորհակալություն են հայտնել Գարիկ Բադալյանին՝ երկարամյա համատեղ և արդյունավետ համագործակցության համար:

«Շնորհակալ եմ Գեղարքունիքի ներկա ու նախկին բոլոր մարզպետներից, փոխմարզպետներից, դպրոցների ներկա ու նախկին տնօրեններից, Գեղարքունիքի մարզպետարանի իմ բոլոր գործընկերներից: Մեծ պարգև եմ համարում նաև իմ աշխատանքին տրված գնահատականը, որ այսօր հնչեց դահլիճում»,-իր շնորհակալական խոսքում նշել է Գարիկ Բադալյանը:

Վերջինս պարգևատրվել է նաև Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով և հուշամեդալով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։