ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը՝ «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ-նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովում

2018-03-28

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատմության նոր փուլի 25–ամյակին նվիրված միջոցառման հրավերքի  համար։ Այս փուլը նշանավորվեց ինստիտուտի կազմում անկախ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ընդգրկման գործընթացի ավարտով։

Շնորհավորում եմ այս միջոցառման բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բոլոր գիտնականներին, մասնագետներին և բոլոր աշխատակիցներին։ Հատուկ ուզում եմ նշել այս իրադարձության կարևորությունը գիտատեխնիկական փոխշահավետ գործակցության հաստատման և զարգացման գործում։

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը միջուկային ֆիզիկայի և միջուկային տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր էներգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առաջատար կենտրոններից է։

Իր գործունեության տարիների ընթացքում կենտրոնը դարձել է գիտական և քաղաքական բարձր հեղինակություն ունեցող  բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական ինստիտուտ։

Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ շրջանակում ընդգրկվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կազմում դրա ստեղծման պահից` 1956 թվականի մարտի 26–ին ստորագրված Համաձայնագրի հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից ՄՀՄԻ–ի անդամ պետություն է։

Այդ բավականին երկար ժամանակահատվածում շատ ամուր կապեր են հաստատվել Հայաստանի գիտական կենտրոնների, նախևառաջ` Երևանի պետական համալսարանի և Երևանի ֆիզիակայի ինստիտուտի հետ։

Հայ մասնագետները մասնակցել և մասնակցում են ՄՀՄԻ–ի բազմաթիվ խոշոր նախագծերի։ Նախևառաջ, դա հնարավորություն է ընձեռում մեր երկրի շահերի շրջանակում անցկացնել այն հիմնարար և կիրառական հետազոտությունները, որոնք տարբեր պատճառներով չեն կարող իրականացվել երկրի ներսում։

Երկրորդ՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջոցով հայ ֆիզիկոսներն ու ճարտարագետները գիտատեխնիկական գործակցություն են զարգացնում երկրի միջուկային այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք են՝ Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը, DESY–ն (ԴԵԶԻ) և այլն։

ՄՀՄԻ–ի հետ գիտական համագործակցությունն ինչպես ԱՊՀ–ի, այնպես էլ արտերկրի բազմաթիվ մասնակից երկրների հետ ուղիղ կապերի լայն հնարավորություններ է ընձեռում։

ՄՀՄԻ–ին մեծ դեր է խաղացել և այժմ էլ խաղում է տեսական ֆիզիկայի, ատոմային միջուկի և բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում՝ Հայաստանի գիտական կադրերի պատրաստման և դաստիարակման գործում։ Մենք շահագրգռված ենք մեր ուսանողների և ասպիրանտների ակտիվ մասնակցությամբ ՄՀՄԻ ուսումնագիտական կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերում։  

Մենք նաև հետաքրքրված ենք, որ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը հատուկ ուշադրություն դարձնի բնագիտական ուղղությանը, «Հորիզոն 2020» նախագծին, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում կլաստերների ստեղծմանը: Հուսով եմ, որ համապատասխան կրթական կլաստերների ստեղծումը կնպաստի բիզնես-նախագծերի և տվյալ ոլորտի հիմնարար հետազոտությունների միավորմանը, ինչպես նաև «կրթություն-գիտություն-արտադրություն» եռանկյունու իրագործման համար նոր տեխնոլոգիաների, մեթոդների, շարժիչ մեխանիզմների արդիական մշակումներին: Այս առնչությամբ ուզում եմ ընդգծել, որ ներկայումս հայրենական համալսարանները միշտ չէ, որ համաշխարհային շուկայում մրցունակ են, թեև իրենց կազմում ներառում են հետազոտական բաղադրիչ և իրականացնում են տեխնոլոգիական գիտելիքի տրանսֆեր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:

Ուզում եմ ընդգծել, որ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ գործակցությունը չափազանց կարևոր և անհրաժեշտ է Հայաստանում միջուկային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, միջազգային հետազոտություններում հայ գիտնականների ինտեգրման և այդ բնագավառի կադրերի պատրաստման գործում, քանի որ այն նպաստում է ձեռնարկություններում նոր բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև նրանց դերի ավելացմանը համաշխարհային շուկայում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ինստիտուտի հետ գործունեության հետագա արդյունավետ մասնակցության ընլայնմանը և խորացման։

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր երկար տարիների ընթացքում մասնակցել են ինչպես ՄՀՄԻ–ի գործունեությանը, այնպես էլ միջազգային գիտական կապերի զարգացմանը, և մեզ բոլորիս մաղթել հետագա արդյունավետ համագործակցություն։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։