Լևոն Մկրտչյանն այցելել է Մոսկվայի պետական համալսարան
2018-03-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում, այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, որի ընթացքում հանդիպում է ունեցել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությանը, միջբուհական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործունեության արդյունավետության բարձրացմանը, կրթական ծրագրերի ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: ՀՀ ԿԳ նախարարն իր խոսքում շեշտել է համալսարանական գիտության զարգացման կարևորությունը և առաջարկել Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում ներդնել մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր՝ թիրախային դիտարկելով բնագիտական ուղղությունները: Քննարկվել է նաև Երևանի մասնաճյուղում հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունը: Ռեկտոր Վ. Սադովնիչին պատրաստակամություն է հայտնել աջակցել քննարկված հարցերի կարգավորմանը՝ միաժամանակ կարևորելով երևանյան մասնաճյուղում կրթական նոր ծրագրերի իրականացումը: Նա հույս է հայտնել, որ համալսարանն առաջիկայում կդառնա հայ-ռուսական գիտակրթական երկխոսության ևս մեկ արդյունավետ հարթակ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցերի: