Կայացել է ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

2018-03-26

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդի օրակարգում ընդգրկված էր հետևյալ հարցը՝ ՀՀ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող և նախատեսվելիք ծրագրեր՝ կրթություն-աշխատաշուկա կապի  ամրապնդման համատեքստում:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ փորձ է արվում յուրաքանչյուր նիստի ընթացքում քննարկել կրթության համակարգի կոնկրետ ոլորտ: «Այսօր կանդրադառնանք ՄԿՈՒ ոլորտին, որտեղ բավականին լուրջ փոփոխություններ են իրականացվում: Եվրամիության հատուկ ծրագիրն այս տարի ևս ամբողջությամբ կենտրոնացած է ՄԿՈՒ ոլորտի վրա: Այս քննարկմամբ նպատակ ունենք ներկայացնել ոլորտում առկա բոլոր հիմնախնդիրները՝ հիմնականում կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում, ինչպես նաև ակնկալել համապատասխան լուծումների առաջարկներ»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները՝ իրենց դերակատարությամբ և բաշխվածությամբ՝ ըստ մարզերի, կարիք ունեն լուրջ վերափոխումների: «Մի պահ ՄԿՈՒ ոլորտը բավականին մեծ անկում ապրեց, որը կարգավորելու համար մեծ ջանքեր են ներդրվել: Արդյունքում՝ այսօր մեծ հոսք ունենք դեպի նախնական և միջին մասնագիտական ոլորտ: Սակայն առկա է մեկ այլ խնդիր. երբ ուսումնասիրում ենք, թե ՄԿՈՒ շրջանավարտների քանի տոկոսն է գնում աշխատաշուկա և քանիսը՝ բուհ, ապա բավականին տխուր պատկեր է ստացվում: Այսինքն՝ ՄԿՈՒ մի զգալի հատված կրկին ծառայում է բուհի, այլ ոչ թե աշխատաշուկայի համար կադրեր պատրաստելուն: Դրա համար մենք վերջին տարիներին ակտիվ համագործակցում ենք մի շարք խոշոր կազմակերպությունների, օրինակ ԵՄ-ի, GIZ-ի, ինչպես նաև տեղական ընկերությունների հետ՝ իրականացնելու նոր բարեփոխումներ»,--նշել է նախարարը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկայացրել է օրակարգի հիմնական հարցը՝ մասնավորապես, անդրադառնալով «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2018-2022 թվականների բարեփոխումների ծրագրի», «Սոցիալական գործընկերության նոր հայեցակարգի» ընդունման և մասնավոր սեկտոր–ՆՄԿՈՒ հաստատություն նոր ձևաչափով համագործակցության անհրաժեշտությանը: Արտակ Աղբալյանը խոսել է նաև ՆՄՄԿ  ուսհաստատություններում ուսուցանվող մասնագիտությունների՝ ՀՀ մարզերի զարգացման ուղղություններին և պահանջներին համապատասխանեցման, ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև կարիերայի կենտրոնների և դուալ համակարգի ներդրման մասին: Բանախոսն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խնդիրներին:

Խորհրդի անդամները զեկուցողին ուղղել են մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ոչ ֆորմալ կրթության կազմակերպման և կարճաժամկետ դասընթացների անցկացման, դասախոսների վերապատրաստման մեթոդաբանության, մասնագիտությունների ցանկի վերանայման, ՄԿՈՒ ոլորտի վարկանիշի բարձրացման, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության և մատչելիության ապահովման և այլ հարցերի:

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը որոշում է կայացրել հավանության արժանացնել «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2018-2022 թվականների բարեփոխումների ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։