«Կրթություն» և «Բիզնես». հանդիպում ֆուտզալային դաշտում
2010-03-01
ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ փետրվարի 27-ին կայացավ ֆուտզալի խաղ` Հայաստանի գործարար աշխարհի և կրթական համակարգի ներկայացուցիչների միջև: Խաղն իրականացվում էր Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել միջին մասնագիտական կրթության զարգացմանը, գործատուների ներգրավմանն ուսումնական ծրագրերի մշակման գործընթացում` կրթությունը համապատասխանեցնելով գործարար ոլորտի պահանջներին:
Խաղը, որի անվանումը խորհրդանշում էր նշված երկու հատվածների պատրաստակամությունը` համախմբվելու և համագործակցելու մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, «Կրթություն» և «Բիզնես» թիմերի միջև էր, որոնց կազմում էին միջին-մասնագիտական քոլեջների տնօրեններ և աշխատակիցներ, ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչներ, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի աշխատակիցներ և գործարարներ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, «Կրթություն» թիմի ավագ Արա Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ գործարար և կրթական հատվածների համագործակցությունն անխուսափելի անհրաժեշտություն է տնտեսապես զարգացող երկրների համար, և որպես նման համագործակցության լավ օրինակ` նշեց ՄԿՈՒ ոլորտը կարգավորող ազգային խորհուրդի ստեղծումը, որի կազմում ընդգրված են նաև գործատուներ: ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանն իր հերթին նշեց, որ գոյություն ունեն փոխշահավետ համագործակցություն հաստատելու բազմաթիվ ուղիներ, և սպորտային խաղը դրանց լավագույն միջոցներից մեկն է. նման նախաձեռնությունների շնորհիվ հնարավոր է առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնել: Ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյանն էլ հույս հայտնեց, որ ֆուտբոլային հանդիպումը կարող է խթան հանդիսանալ կրթության ոլորտի և գործարար աշխարհի ներկայացուցիչների միջև համագործակցության զարգացման գործում` նպաստելով շարունակական երկխոսության կայացմանը և Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի արդյունավետ զարգացմանը:
Խաղն ավարտվեց 10:8 հաշվով` հօգուտ «Կրթություն» թիմին: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին ՀՀ Կենտրոնական Բանկի թողարկած «Ֆուտբոլի արքաները» շարքում տեղ գտած ֆուտբոլիստ Պելեի պատկերով արծաթյա հուշադրամներով, մասնակցության վկայականներով, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հուշանվերներով:












