Համագործակցություն` Հայաստանի և Լեհաստանի քոլեջների միջև
2018-03-19
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է Լեհաստանի Սվենտոկշիսյան վոևոդության փոխմարշալեկ Յան Մակովիակիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կիելցեյի գեղարվեստի ուսումնարանի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը և Լեհաստանը կրթամշակութային ոլորտում համագործակցության պատմական արդյունավետ փորձ ունեն, և պետք է անել հնարավորը՝ այն զարգացնելու և խորացնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել է միջին մասնագիտական կրթական հաստատությունների միջև երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը, որի վերաբերյալ Մանուկ Մկրտչյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը: Նշվել է, որ ապրիլին և հունիսին «Ուսանողների փոխանակման ծրագրեր և համատեղ նկարչական պլեներներ»` Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության ենթակայության Կիելցե քաղաքի Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարանի և Թերլեմեզյանի քոլեջի միջև համագործակցության շրջանակներում կիրականացվեն երկու ուսումնական հաստատությունների ուսանողների փոխադարձ այցեր Հայաստան և Լեհաստան: Բացի այդ, տարվա ընթացքում յոթ մասնագիտությունների գծով լեհ ուսանողների ավարտական աշխատանքների թեմաները կվերաբերեն Հայաստանին: Նշվել է նաև, որ Լեհաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ: Երևանում և ՀՀ մարզերում ևս նախատեսվում են ցուցահանդեսներ, որոնք կներկայացնեն Լեհաստանի մշակույթը: