Դրամաշնորհների հավաստագրեր` գիտական մրցույթների հաղթողներին

2018-03-16

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Գիտության պետական կոմիտեի 2017թ. անցկացրած միջազգային մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ղեկավարներին դրամաշնորհների հավաստագրերի հանձնման արարողությունը: Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը, ողջունելով ներկա գիտնականներին, նշել է, որ միջազգային ասպարեզում համագործակցային կապերի խթանումը կոմիտեի առջև դրված օրակարգային հարցերից է: Նրա խոսքով՝ այս տարի անցկացվել է երեք միջազգային մրցույթ՝ «Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի», ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամի»  և «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի» հետ համատեղ: ««Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի» հետ անցկացված մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 147 հայտ՝ ՀՀ և ՌԴ գիտնականներից կազմված 2-4 մասնակից ունեցող խմբերի կողմից: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 39 թեմա:  Ընտրված թեմաներից 29-ը  բնական գիտությունների բնագավառից են, 6-ը ներկայացնում են  ճարտարագիտություն և տեխնոլոգիա, 2-ը՝ հասարակական գիտություններ, 2-ը՝ հայագիտություն և հումանիտար գիտություններ բնագավառները»,-նշել է Ս. Հարությունյանը՝ ընդգծելով, որ ֆինանսավորման երաշխավորված թեմաներից 21-ը հայաստանյան կողմից ներկայացրել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտները. 10 թեմա հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ից, 3 թեմա` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից, 1-ական թեմաներ` Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարաններից և Կրթության ազգային ինստիտուտից: Ֆինանսավորման ծավալը կազմել է  337,3 մլն ՀՀ դրամ: Անդրադառնալով ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամի» հետ համատեղ իրականացված ծրագրին՝ Ս. Հարությունյանը նշել է, որ այն ընդգրկում է բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառները: Ըստ նրա՝ գիտական նախագծերի հայտերը ներկայացվել են ՀՀ և ՌԴ գիտնականներից կազմված 2-4 մասնակից ունեցող խմբերի կողմից: «Ֆինանսավորման է երաշխավորվել  3 թեմա՝ ներկայացված «Բարվա» ինովացիոն կենտրոն, «Էլո Ինովացիոն Տեխնոլոգիաներ», «Բիթլիս-Մեն» կազմակերպությունների կողմից:   Ֆինանսավորման ծավալը կազմել է՝  24,75 մլն ՀՀ դրամ: Թվով երրորդ՝ բազմակողմ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթն  իրականացվել է «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի» հետ համատեղ: Ծրագիրն ընդգրկում է հետևյալ բնագավառները՝ Եվրասիական տարածաշրջանի մշակույթի կայացման և կենսագործունեության ոլորտում միջգիտակարգային հետազոտություններ. մարդաբանություն, գենային աշխարհագրություն, գեոէկոլոգիա, հնալեզվաբանություն  և ազգագիտություն: Տեխնիկական պահանջները բավարարած հայտերը ներկայացվել են փորձաքննության, որի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 1 ծրագիր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից. ֆինանսավորման ծավալը՝  13,5 մլն ՀՀ դրամ»,-նշել է Ս. Հարությունյանը՝ հավելելով, որ 2016 թվականին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Մոնղոլիայի և Վիետնամի կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր, որի գլխավոր նպատակն է բազմակողմ հարաբերությունների զարգացումը՝ միջգիտակարգային հետազոտությունների իրականացման ասպարեզում:

Միջոցառմանը ներկա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ միջազգային համագործակցությունը դրական ազդեցություն ունի գիտության զարգացման հարցում: «Պետբյուջեի միջոցները, ցավոք, սահմանափակ են, և գիտության ոլորտում ծագած դժվարությունների մի մասը հնարավոր է լինում հաղթահարել հենց միջազգային համագործակցության շնորհիվ: Եթե հարստացնենք գիտական հենքը, օրինակ ժամանակակից սարքավորումներ, լաբորատորիաներ, ապա վստահաբար միջազգային մրցույթների թեմաների թիվը կմեծանա»,-նշել է նա:

Միջոցառման ավարտին դրամաշնորհների հավաստագրեր են հանձնվել կոմիտեի 2017թ. անցկացրած միջազգային մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ղեկավարներին:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։