Ներկայացվել է ֆինանսական կրթության տարրերի ներդրումը

2018-03-02

2017 թվականի սեպտեմբերից ՀՀ հանրակրթական 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ներկայացվել են փորձնական ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի գլխավորությամբ, քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդիսանում է ծրագրի բովանդակային, իսկ Կենտրոնական բանկը՝ իրականացման և ֆինանսական պատասխանատուն: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում վերջինիս հետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա՝ այն որպես օրինակ զարգացնել նաև այլ ուղղություններով, քանի որ ընտրված ձևաչափը, ըստ Լևոն Մկրտչյանի, շատ արդյունավետ է: Նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, թե փորձնական ծրագրի արդյունքը որքանով կարող է կիրառելի լինել համընդհանուր ներդրման պարագայում: Լևոն Մկրտչյանը խոսել է նաև Մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերում ֆինանսական կրթության բաղադրիչի ներդրման հնարավորության մասին:
Նշենք, որ փորձնական ծրագրում ընդգրկված է 2-11 դասարանների շուրջ 1600 սովորող: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 13 դպրոցի 46 ուսուցիչ, հաստատվել են վերոնշյալ առարկաների փորձնական չափորոշիչները և ծրագրերը, ուսուցիչների վերապատրաստման մոդուլը: Շուտով պատրաստ կլինի նաև ուսուցիչների ձեռնարկը: Ծրագրի շրջանակում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել ուսուցիչներին, իրականացվել են դասերի դիտարկումներ, ձևավորվել են ֆոկուս խմբեր: Փորձնական ծրագրի նպատակն է գնահատել սովորողների և ուսուցիչների շրջանում դրա ազդեցությունը, արձանագրել հաջողությունները և դժվարությունները, սահմանել առաջնահերթություններ՝ բովանդակային բոլոր նյութերի վերանայման փուլում: Ակնկալվում է, որ առաջիկայում կիրականացվի մշակված փաստաթղթերի վերանայում, դասընթացավարների վերապատրաստում (TOT), ուսուցիչների դասընթաց, ինչպես նաև մոնիթորինգ և գնահատում: 2018 թվականի սեպտեմբերից նախատեսվում է ծրագիրն իրականացնել ևս 350 դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։