Հայագիտությունն ու հայապահպանությունը չունեն քաղաքական պատկանելություն
2010-02-26
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայ Դատի» հիմնադրամի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր` «Արժևորենք անցած ուղին, ճանաչենք մեզ» ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին նախարար Արմեն Աշոտյանը և «Հայ Դատի» հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը: Ծրագիրը նպատակ ունի աշակերտության շրջանում խթանել հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, բարձրացնել հայագիտական առարկաների դասավանդման մակարդակը և հանրակրթական դպրոցներում ձևավորել ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնամեթոդական բազա:
Նախարար Ա. Աշոտյանը, կարևորելով հուշագրի ստորագրումը, նշեց, որ այս համագործակցության սկիզբը պայմանավորված է մի քանի շարժառիթներով: Նախևառաջ, մասնավոր և քաղաքացիական մարմինների և կազմակերպությունների ներգրավումը կրթական բարեփոխումների մեջ` դրանք դիտարկելով ոչ միայն ֆինանսավորման հավելյալ աղբյուրներ, որովհետև զարգացման ծրագրերի համար առանձին աղբյուր են դիտարկվում նաև ոչ պետական ֆինանսական միջոցները, այդ թվում նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող գումարները, այլ նաև կարևորելով հասարակական լայն շրջանակի ստեղծումը, որում ավելի հեշտ կիրականացվեն նախատեսված կրթական բարեփոխումները: «Մեր համատեղ աշխատանքի մյուս քայլը հայագիտությունն ու հայապահպանությունն են, որոնք չունեն քաղաքական պատկանելություն: Շատ կարևոր է այն ընկալումը, որ քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ, ուժեր և կառույցներ ՀՀ-ի ներսում պետք է ունենան մի առանցքային արժեհամակարգ, որից կբխի ազգային ինքնության պահպանման և ազգային անվտանգության ռազմավարությունը. դա մշակույթն է և կրթությունը: Այս տեսակետից դպրոցներում հայագիտական լսարանների ստեղծումը մենք համարում ենք կարևոր քայլ` աշակերտների հայրենասիրական դաստիարակության և հայագիտությունը բովանդակային նոր հարթություն բարձրացնելու ուղղությամբ»,-նշեց նախարարը` հավելելով, որ հայագիտական լսարաններում նախատեսվում է ունենալ մեկ անկյուն` նվիրված ԼՂՀ-ին` որպես ընդհանուր պատմության և մշակույթի մի մաս, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն նվիրված անկյուն:
«Հայ Դատի» հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանն իր հերթին նշեց, որ հիմնադրամն իր երկամյա գործունեության ընթացքում որպես հիմնական ուղենիշ դիտարկել է կրթական գործառույթների իրականացումը: «Կրթական բարեփոխումների ամենակարևոր ուղղությունը հասարակության, հասարակական կազմակերպությունների կողմից նաև լրացուցիչ ֆինանսական օգնության տրամադրումն է, որի կարիքն այսօր ունի հայագիտությունը: Ավագ դպրոցի բարեփոխումները հնարավորություն տվեցին հավելյալ ուշադրություն դարձնել նաև հայագիտական առարկաների զարգացմանը, որոնք շատ հաճախ թերֆինանսավորվում են»,-նշեց Բ. Եսայանը: Վերջինս տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է հանրապետության 21 դպրոցում ստեղծել հայագիտական հոսքերի ցանց` հետագայում որպես առանձնահատուկ ուղղություն առանձնացնելով հանրապետական նշանակության մեկ հայագիտական դպրոց` օժտված երեխաների համար:
Նախարարըը ներկաներին տեղեկացրեց, որ հայագիտական ուղղվածության գործընկերությունը չի սահմանափակվում վերոնշյալ հուշագրով. այդ դաշտում նախարարության համար կարևոր գործընկեր է հանդիսանում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որի օգնությամբ այս տարի խորացված ուսուցմամբ է դասավանդվելու «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որը նախատեսվում է ներառել նաև հանրապետական առարկայական օլիմպիադաների ցանկում: «Բոլոր այն կառույցները, կազմակերպությունները, մարդիկ, որոնք պատրաստ են անշահախնդիր օգնել ՀՀ կրթական համակարգին, մեր պոտենցիալ գործընկերներն են»,-նշեց նախարարը և հավելեց, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում համապատասխան փորձ կներդրվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավագ դպրոցների ցանցում:
«Արժևորենք անցած ուղին, ճանաչենք մեզ» ծրագրի արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է և նախատեսվում է իրականացնել 2010-2013 թվականներին:












