Աշխատանքային քննարկում` հանրակրթության բովանդակային փոփոխությունների վերաբերյալ
2018-03-01
ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի թիվ 112 ավագ դպրոցում տեղի է ունեցել հանրակրթության պետական չափորոշչին նվիրված աշխատանքային քննարկում, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, մի շարք ավագ դպրոցների տնօրեններ, դպրոցի առարկայական մեթոդական միավորումների նախագահներ, ուսուցիչներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Քննարկումը վերաբերել է հանրակրթության պետական չափորոշչին, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնին, Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների զարգացման անհատական ծրագրերին, ուսումնական պլաններին, դասավանդվող առարկայացանկին, դասագրքերին, ինտեգրված առարկաներին և դրանց վերաբերյալ ներկայացվող առաջարկություններին:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ընդգծել է, որ մասնագիտական հանրույթի կարծիքն արդյունավետ քաղաքականություն մշակելու տեսանկյունից շատ կարևոր է. «Կրթական համակարգն այսօր բովանդակային նոր փոփոխությունների փուլում է գտնվում և դուք, որպես այդ փոփոխությունների գլխավոր շահառու, պետք է ակտիվություն դրսևորեք, որպեսզի հետագայում ստիպված չլինենք հետին թվով դժգոհել ու հարցեր բարձրացնել»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:
Թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը ներկայացրել է ՀՀ-ում հանրակրթական դպրոցի զարգացման անհատական ծրագրի վերաբերյալ իր ունեցած պատկերացումներն ու տեսլականը: Այս առնչությամբ իրենց առաջարկություններն են ներկայացրել հանդիպմանը ներկա մեթոդական միավորումների նախագահները:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն առաջարկել է ներկայացված դիտարկումները ընդհանրացնել և հնարավորինս սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ դրանք, որպես մասնագիտական կարծիք դիտարկելու նկատառումով: