Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում
2018-02-28
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Վրաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ռումինիայի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Նշված երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար հատկացվել են հետևյալ կրթաթոշակային տեղերը.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 10 կրթաթոշակային տեղ,
Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով՝ 10 կրթաթոշակային տեղ,
Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 4 տեղ/2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/,
Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բացառությամբ՝ բժշկության և արվեստի մասնագիտությունների/ 6 կրթաթոշակային տեղ /4 տեղ` բակալավրիատ և մագիստրատուրա, 2 տեղ` ասպիրանտուրա), Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 8 տեղ՝ /3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա/
Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով՝ 25 կրթաթոշակային տեղ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 12-ը ներառյալ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն/ արտաքին կապերի բաժին, (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ. +37410-58-04-03; +374 10-56-23-64)։
Քննությունները տեղի կունենան 2018 թվականի մարտի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:
Մրցույթների հայտարարությունները տեղադրված են ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում:
Նշենք, որ արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: