Աշխատանքային հանդիպում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի հետ
2018-02-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:
Աշխատանքային կարգով քննարկվել են Չինաստանի հետ համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել միջպետական ծրագրերով Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ 2018 թվականի հունվարից գործողության մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջները իրավական նոր կարգավորումների անհրաժեշտություն են առաջացնում միջպետական ծրագրերով օտարերկրյա բուհերում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ զինապարտ քաղաքացիների համար:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ Թիեն Ըրլոնգը հույս է հայտնել, որ կրթության բնագավառում առկա գործնական համագործակցությունն իր շարունակությունը կունենա հետագա տարիներին ևս:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երևանում կառուցվող չինական դպրոցի շինարարության ընթացքին, նշվել է, որ նախատեսված ժամկետում՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին դպրոցը պատրաստ կլինի ընդունել առաջին աշակերտներին: Քննարկվել են նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և հայ-չինական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: