Ֆրանսերեն լեզվի ուսուցումը` բարեփոխումների համատեքստում

2010-02-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովի գխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշեց, որ կրթական ոլորտի բարեփոխումների ընթացքը նախարարությունը քննարկում է բոլոր այն գործընկերների հետ, որոնց օգնությամբ իրականացվում են այդ ծրագրերը, և այս համատեքստում Ֆրանսիայի դեսպանատունը հանդիսանում է կարևոր գործընկեր:

Անդրադառնալով հանրակրթական ոլորտի բարեփոխումներին` նախարարը նշեց, որ ավագ դպրոցների համակարգի ստեղծումը հանդիսանում է կրթական բարեփոխումների հիմնական առանցքը, որը երբեմն ցավոտ է ընթանում: Այս համատեքստում, Ա. Աշոտյանը նշեց, որ որոշ դպրոցների տնօրեններ ձգտում են պահպանել իրենց դպրոցների նախկին կարգավիճակը. «Գործընթացն այլևս անդառնալի է: Հավաստիացնում եմ Ձեզ, որ ոչ մի տնօրեն առավել շահագրգռված չէ ՀՀ-ում ֆրանսերերեն լեզվի տարածման և զարգացման գործում, որքան նախարարությունը: Այս դաշտում մենք պետք է ամրագրենք համատեղ իրականացվող և շարունակական բնույթ կրող փոփոխությունները և գտնենք լավագույն հնարավորությունը` ֆրանսերեն լեզվի զարգացման համար»,-նշեց նախարարը` հավելելով, որ նոր ուսումնական տարում նախատեսվում է ավագ դպրոցի կարգավիճակ տալ ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմամբ թիվ 119 դպրոցին` հումանիտար դասարաններում ձևավորելով ֆրանսիական հոսք, իսկ նմանատիպ մյուս երկու դպրոցին` հիմնական դպրոցի կարգավիճակ: 
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ «բարեփոխումն ինքնին ենթադրում է որոշակի «կարգերի խախտում», իսկ արդարացված բարեփոխումները հազվադեպ են խանդավառությամբ ընդունվում»: Նա  ընդգծեց, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները նախևառաջ պետք է հիմք ծառայեն ուսուցման, մասնավորապես, ֆրանսերեն լեզվի մակարդակի բարձրացման համար: Այս կապակցությամբ դեսպանն առաջարկեց թիվ 119 դպրոցին հնարավորություն տալ որոշ առարկաների դասավանդումն իրականացնել ֆրանսերեն լեզվով` ներգրավելով մեծ փորձառություն ունեցող մասնագետների:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև դեսպանատան մասնակցությամբ իրականացվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ երկու երկրների միջև գործող «Ապակենտրոնացված համագործակցության» շրջանակում Մարսելի քաղաքապետարանի նախաձեռնությանը` թվով 20 համակարգիչ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներին տրամադրելու վերաբերյալ: Բացի այդ, Ֆրանկոֆոնիայի շրջանակում ձևավորված համագործակցության արդյունքում վերոնշյալ դպրոցները մասնակցում են դեսպանատան կազմակերպած միջոցառումներին. հատկանշական է, որ միջոցառումներին մասնակցում են ոչ միայն Երևանի, այլ նաև Գյումրիի դպրոցը, որի հետ համագործակցությունը շարունակվում է  շուրջ 10 տարի:
Նախարարը դեսպանին տեղեկացրեց նաև, որ Ֆրանսիական համալսարանի 10-ամյակի կապակցությամբ այս տարի նախատեսվող միջոցառումներին նախարարությունը կունենա իր մասնաբաժինը: Բացի այդ, Ֆրանսիական համալսարանի ռեկտորը, վերջերս նախարարի հետ ունեցած հանդիպման ընթացքում, հանդես է եկել մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով, մասնավորապես, մագիստրոսական համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև հանրակրթական դպրոցներում երրորդ օտար լեզվի, ուսումնական ծրագրերի, Ֆրանսիայի և ՀՀ համայնքների միջև համագործակցության խնդիրներին: Վերջինիս հարցում առկա է նաև Ֆրանսիայի հայկական ասոցիացիայի աջակցությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։