Ծրագրերը պետք է ուղղվեն կրթության որակի ամրապնդմանն ու բարձրացմանը
2018-01-29
Կրթության համակարգում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Լիրե Էրսադոն, ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, ՀԲ Հայաստանի գրասենյակի այլ պատասխանատուներ:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կրթության համակարգը մշտապես զգացել է Համաշխարհային բանկի գործուն աջակցությունը և համագործակցության արդյունքում արձանագրել կոնկրետ շոշափելի արդյունքներ; «Կրթության ոլորտում Համաշխարհային բանկի իրականացրած համակարգային ծրագրերի շնորհիվ է նաև, որ հաջողվել է մեր երկրում ձևավորել կրթության համակարգի աշխարհի կողմից ճանաչելի այսօրվա կառուցվածքը, ապահովել կրթության որակի միջին մակարդակ և կրթության գործուն մեխանիզմ: Այժմ ժամանակն է, որպեսզի բոլոր ծրագրերը ուղղվեն կրթության բոլոր երեք աստիճաններում որակի ամրապնդմանն ու բարձրացմանը»,-նշել է նախարարը: Այդ համատեքստում Լևոն Մկրտչյանը կարևորել է միջազգային և դոնոր կազմակերպությունների հետ ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգված համագործակցությունը, որը կնպաստի կրթության ոլորտի որակական փոփոխությունների ամրապնդմանը:
Ներկայացնելով մեր երկրի հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթությունները՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն նշել է, որ նախագիծը մշակելիս առանցքային են եղել 3 հիմնասյուներ՝ ոլորտների ախտորոշում, ՀՀ կառավարության առաջնահերթություններ և ՀԲ փորձագիտական խմբերի եզրակացություններ: Նրա խոսքով, համաձայն այդ հիմնասյուների, մշակվել է համագործակցության 3 ուղղությունները՝ արտահանման խթանում, մարդկային կապիտալի զարգացում և բնական պաշարների պահպանում և ռիսկերի նվազեցում: «Թեև մարդկային կապիտալի զարգացումն ընդհանուր ծրագրում 2-րդ տեղում է, սակայն այն թերևս ամենակարևոր բաղադրիչն է, որի ապահովման է միտված կրթության ողջ համակարգը: Մեր նպատակն է պարզել, թե ինչպիսին պետք է լինի Համաշխարհային բանկի աջակցությունը նախակրթարանից մինչև ցկյանս կրթություն»,- նշել է տիկին Բոսութղոն:
Իր հերթին ՀԲ Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Լիրե Էրսադոն ընդգծել է, որ մարդկային կապիտալի զարգացումն ու այդ համատեքստում կրթության բաղադրիչը, Համաշխարհային բանկի թե տարածաշրջանային, թե հայաստանյան գրասենյակների համար առանցքային նշանակություն ունեն, ուստի ներդրումները հիմնականում ուղղվելու են կրթության ոլորտի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության առաջնահերթություններին վերաբերվող մի շարք այլ հարցերի: