Կամավորները միաժամանակ նաև սովորում են

2018-01-29

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է  «ԱՄՆ Խաղաղության կորպուսի»  (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը`  նորանշանակ տնօրեն Սանի  Լուի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարիների կատարած աշխատանքը.  «Որպես կրթության և գիտության նախարար, անշուշտ ինձ համար կարևոր է այն, որ տարիներ շարունակ «Խաղաղության կորպուսը» աջակցում է մեր աշակերտների անգլերեն լեզվի ուսուցմանն ու ուսուցիչների վերապատրաստման գործին, սակայն կարծում եմ շատ ավելի կարևոր է այն առաքելությունը, որ «Խաղաղության կորպուսի» գաղափարախոսության հիմքում է՝ կամավորների միջոցով հանդուրժողականության մշակույթի տարածում» ,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նա հույս է հայտնել, որ նոր տնօրենի նշանակմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի  համագործակցությունը որակական նոր մակարդակ կարձանագրի՝ ընդլայնելով ԽԿ կամավորների գործունեության շրջանակը՝ հանրակրթությունից դեպի կրթական մյուս աստիճաններ:
Միաժամանակ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կրթական համակարգի առաջնահերթություններից մեկը օտար լեզուների դասավանդման որակի ամրապնդումն ու զարգացումն է: Նրա խոսքով,  այդ նպատակով դեռևս անցած տարի մշակվել է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգը և այս համատեքստում առավել օգտակար է լեզուների դասավանդման և վերապատրաստման փորձ ունեցող այնպիսի հեղինակավոր կառույցների ներգրավվածությունը, ինչպիսին «Խաղաղության կորպուսն» Է: 
«Խաղաղության կուրպուսի»  հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լուին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար: Նրա խոսքով, ԽԿ-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց` իրենք ևս ծանոթանում են հայ մշակույթին, սովորում` հայերեն: 
Հանդիպման ընթացքում, քննարկվել են համագործակցության  առաջնահերթություններին ու ուղղություններին վերաբերվող աշխատանքային մի շարք այլ հարցեր:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։