ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումները միջազգային կրթական հարթակում
2018-01-24
Լոնդոնում ընթացող կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ:
Լևոն Մկրտչյանը մասնավորապես հանդիպել և երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Վրաստանի կրթության և գիտության ոլորտների ղեկավարների հետ:
Չեռնոգորիայի նախարար Դամիր Սեովիչի հետ հանդիպման ժամանակ կարևորվել են հանրակրթության ոլորտի, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման համակարգի զարգացման միտումները: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ գտնվում է ուսուցիչների վերապատրաստման համակարգի վերափոխման շեմին և միջազգային հաջողված փորձը մեր երկրի համար հետաքրքիր է:
Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին հետ հանդիպման ժամանակ Լևոն Մկրտչյանը քննարկել է Եվորապական Միության «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության անդամ երկրների համար «Հորիզոն 2020»-ի կողմից սահմանված մրցութային արտոնյալ պայմաններին: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է գործնական քայլեր ձեռնարկել համատեղ գիտական դրամաշնորհների հայտեր ներկայացնելու և միասնական թիմեր ձևավորելու ուղղությամբ: Միաժամանակ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնային է ինժեներատեխնիկական և գիտական ուղղությունների զարգացումը:
Նշենք, որ Կրթության համաշխարհային համաժողովի աշխատանքները մեկնարկել են հունվարի 22-ին և կավարտվեն այսօր՝ հունվարի 24-ին: Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարի, Համաշխարհային բանկի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: