Բացվել է ազգային տոներին նվիրված ցուցահանդես
2018-01-22
ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել ազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված երկրորդ ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ:
Շնորհավորելով մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը նշել է, որ հիացած է աշակերտների ստեղծագործական ներուժով: Այս համատեքստում Կարեն Մնացականյանը կարևորել է ինչպես աշակերտների ծնողների և ուսուցիչների, այնպես էլ Գեղագիտության ազգային կենտրոնի անձնակազմի դերը:
Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանն իր հերթին ընդգծել է, որ թեպետ Գեղագիտության ազգային կենտրոնի վերոնշյալ աշխատանքները չեն մասնակցել մրցույթին և կազմել են միջոցառման միայն փառատոնային բաղադրիչի մաս, սակայն դրանք բոլորը տեղ կգտնեն փառատոնի պատկերագրքում:
Նշենք, որ Ցուցահանդեսին հիմնականում ներկայացված էին Գեղագիտության ազգային կենտրոնի ստուդիաների սաների աշխատանքները, ինչպես նաև ծրագրին մասնակցած, սակայն առաջին ցուցահանդեսին չցուցադրված Ֆրանսիայի Կաննի «Արևիկ» ասոցիացիայի հայկական կիրակնօրյա դպրոցի և Քուվեյթի Ազգային վարժարանի նախագծերը: Ընդհանուր առմամբ՝ ցուցադրության է ներկայացված շուրջ 240 աշխատանք: