«Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն» մրցույթի ամփոփում
2017-12-27
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն» «Արհեստական ինտելեկտի դրական կիրառման հնարավորությունները» խորագրով մրցույթի ամփոփումը:
Մասնակիցներին ողջունել է ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, ով կարևորելով մրցույթը նշել է, որ այն կնպաստի Հայաստանում տեղեկատվական հասարակության կառուցմանը, կօգնի հասկանալ, թե որքան բազմազան են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունները. «Տեխնոլոգիաները կիրառվում են մեր կյանքի բոլոր ոլորտներում և սա է պատճառը, որ ՏՀՏ մասնագետների պահանջարկը բավական մեծ է, և երկար տարիներ այդ տենդենցը շարունակվելու է մեր երկրում և ողջ աշխարհում»,- իր խոսքում նշել է Ն. Ղուկասյանը:
«Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն», «Արհեստական ինտելեկտի դրական կիրառման հնարավորությունները» խորագրով մրցույթին մասնակցել են տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների 456 աշակերտ, ովքեր էլեկտրոնային գործիքների միջոցով ստեղծել են վեբ-կայքեր, տեսահոլովակներ, շնորհանդեսներ, տարբեր թեմաներով Էլեկտրոնային թեստեր: Մասնավորապես մրցույթի մասնակիցները փորձել են գտնել լուծումներ արհեստական ինտելեկտի կիրառման վերաբերյալ բժշկության, կրթության, ֆինանսների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կառավարման և բնապահպանության ոլորտներում: Հաղթող 31 աշակերտները պարգևատրվել են հավաստագրերով և մրցանակներով:
Նշենք, որ մրցույթը կազմակերպել է Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի հետ համատեղ: Մրցույթի անցկացմանը աջակցել են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, «Յունիքոմփ» ընկերությունը, «Առաջին բիզնես դպրոցը Հայաստանի Հանրապետությունում» և «Թիմ-Թայմ» ընկերությունը: