«Բյուրակն» կրթահամալիրը անվանակոչվել է հիմնադիր տնօրեն Սպարտակ Մկրտչյանի անունով
2017-12-22
Երևանում մեկնարկել է «Նոր կրթական իրողության կայացման հիմնախնդիրները» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Բյուրակն» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Սպարտակ Մկրտչյանի հիշատակին: Գիտաժողովին մասնակցում են կրթության ոլորտի տեղացի և միջազգային փորձագետներ: Բացմանը զեկուցումով հանդես եկած ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կրթության համակարգի առաքելության և զարգացման նպատակների խնդրին. «Կրթական համակարգի զարգացման մասին խոսելիս պետք է անպայման նկատի ունենալ, թե ինչ նշանակություն ունի կրթությունը տվյալ պետության և ժողովրդի համար: Չկան միջազգային կրթական չափորոշիչներ, չկա միջազգային կրթական համակարգ, կան քաղաքակրթական ընդհանուր արժեքներ, որտեղ յուրաքանչյուր ժողովուրդ իր քաղաքակրթական մակարդակին համահունչ ձևավորել է սեփական ապրելաձևն ու կրթական համակարգը: Իբրև կառույց՝ կրթական համակարգի նպատակն անկախ պետականության պայմաններում տվյալ տեսակի շարունակականության ապահովումն է, որն իրականացվում է մշակույթի, կրթության, հավատի, ինչպես նաև ֆիզիկական անվտանգությունն ապահովող կառույցի՝ բանակի միջոցով: Պայմանավորված այն հանգամանքով, թե յուրաքանչյուր ժողովուրդ ինչպես է պատկերացնում իր ապագան, ձևավորվում է նաև կրթական համակարգի տեսլականը: Ժողովուրդներն, ովքեր մարդկության պատմության մեջ ունեն քաղաքակրթական մեծ նպաստ, փորձում են իրնեց դիրքը պահպանել և հզորացնել: Նոր ասպարեզ եկած և դեռ չձևավորված ժողովուրդները կամ փորձում են վերցնել այլոց լավագույն փորձը, դրա վրա կայացնելով իրենց «ես»-ը, կամ էլ ագրեսիվ քաղաքականությամբ փորձում են «ապացուցել», որ իրենք նույնքան հին են և նույն արժեքների կրող, ինչպես մեր հարևան երկիրը: Վերջին ճանապարհով գնացողները հայտնվում են շատ վատ իրավիճակում, որովհետև սկսում են յուրացնել այլ ժողովուրդների ժառանգությունը, բայց քանի որ դա իրենցը չէ, ստիպված են լինում ողջ պետական և ազգային գաղափարախոսությունը կառուցել կեղծ հիմքերի վրա, որը հետագայում դառնում է լուրջ սպառնալիք իրենց իսկ ապագայի համար: Իբրև ժողովուրդ, մենք՝ հայերս այն երջանիկ տեսակներից ենք, որը կարողացել է ներկա քաղաքակրթության ձևավորման մեջ ունենալ իր յուրահատուկ հետքը: Այժմ աշխարհում քաղաքակրթական արժեքների շատ լուրջ բախում է ընթանում և այդ բախման մեջ առաջնայինը դառնում է սեփական ազգային կրթական համակարգի պահպանման և զարգացման խնդիրը: Փոքր ազգերի համար, ինչպիսին հայ ժողովուրդն է՝ կարևոր է ետ չմնալ փոփոխվող աշխարհի առաջանցիկ գաղափարներից, բայց նաև պահպանել այն ամենը, ինչը մերն է և բխում է մեր տեսակից և ձևաչափից: Այս տեսանկյունից կրթության համակարգի բոլոր պատասխանատուներս պատասխանատվություն ենք կրում պետականության պահպանման համար»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ կրթության գերխնդիրը ոչ միայն գիտելիք տալն է, այլ նաև արժեքներ փոխանցելը: ԿԳ նախարարն իր զեկույցում հակիրճ ներկայացրել է կրթության համակարգում կատարվող փոփոխություններն ու նոր նախաձեռնությունները: Նա մասնավորապես անդրադարձել է «Ուսուցիչ» նախաձեռնությանը, բուհական համակարգում սպասվող իրավական և կառուցվածքային փոփոխություններին, առկա խնդիրներին և մարտահրավերներին:
Զեկույցով հանդես է եկել նաև ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով իր ելույթում անդրադարձել է կրթական իրողության կայացման քաղաքական հիմնախնդիրներին. «Սկսած 20-րդ դարից մարդկությունը վերջապես հանդգնեց ապագայի կառուցման հիմնախնդիրներով զբաղվել, այլ ոչ թե շարունակել ստեղծված իրավիճակի կատարելագործումը կամ առաջնորդվել ազգային-պետական խնդիրների լուծմամբ: Կրթության մասնագետները շատ են քննարկում, թե ինչպիսին պիտի լինի կրթության բովանդակությունը, որը պետք է լինի նպատակը: Այս ընթացքում հաճախ չենք նկատում, որ առաջ քաշվող հիմնական գաղափարների հիմքում ընկած է այն կարևոր գաղափարը, որ մարդկությունն ուզում է կառուցել իր ապագան նորովի և ոչ թե քողարկվել եղած խնդիրների լուծման տակ: Այս տեսանկյունից կրթության ոլորտի իմաստը հիմնովին փոխվում է՝ դառնալով գերակա մնացած բոլոր ոլորտներից: Եթե մինչ այդ կրթության ոլորտի իմաստն այն էր, որ պետք էր համապատասխան կադրեր պատրաստել, առաջին պլան էին մղվում գիտելիքն ու աշխարհահայացքային պատկերացումները և այդքանով կրթությունը դառնում էր այլ ոլորտների յուրովի կցորդը և ստիպված էր առաջնորդվել այդ նույն ոլորտների առաջնային խնդիրներով, ապա այժմ կրթության խնդիրները առաջանցիկ են: Եթե փորձենք վերլուծել բոլոր նոր հայտնագործությունների պատմությունը, կտեսնենք, որ դրանց շարժիչ ուժը եղել է գոյություն չունեցող իրողության ստեղծումը և ոչ թե եղածի կատարելագործումը. հակառակ պարագայում կրակի գյուտից և լամպի հայտնագործությունից հետո մարդկությունը չէր ունենա էլեկտրականության գյուտը: Որքան էլ տարօրինակ է, կրթության առաջանցիկ դերի կարևորումը ամենալավը հասկանում են, ոչ թե գիտնականներն ու կրթության մասնագետները, այլ քաղաքական և պետական գործիչները, ովքեր այդ պահանջը դնում են պետության և մարդկության զարգացման հիմքում»,-իր ելույթում նշել է Մանուկ Մկրտչյանը: Նա համոզմունք է հայտնել, որ զարգացման և մրցունակության գլխավոր նախապայմանը կրթության առաջնային դերի գիտակցումն է, որից էլ ածանցվում են պարտադիր հանրակրթության և մնացած այլ թեզիսները: Մանուկ Մկրտչյանը խոսել է նաև հանրակրթության զարգացման գործընթացի, դրա կրողների և մյուս կողմերի դերակատարման մասին:
Լիագումար նիստի ավարտից հետո տեղի է ունեցել անվանակոչման արարողություն՝ «Բյուրակն» կրթահամալիրը անվանակոչվել է հիմնադիր տնօրեն, վաղամեռիկ Սպարտակ Մկրտչյանի անունով: Կրթահամալիրի բակում գիտաժողովի պատվավոր հյուրերի և մասնակիցների ներկայությամբ բացվել է Սպարտակ Մանուկի Մկրտչյանի հուշատախտակը:
«Նոր կրթական իրողության կայացման հիմնախնդիրները» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը կշարունակվի դեկտեմբերի 23-ին և 24-ին: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ-ի և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ-ի կողմից: