Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի մեկնարկը

2017-12-20

Այսօր ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի մեկնարկը, որի նպատակն է` աջակցել 18-30 տարեկան երիտասարդներին` ուշադրություն դարձնելով այն խոցելի խմբերին, որոնք կարիք ունեն մասնագիտական հմտությունների զարգացման, հատկապես մարզերում: Ծրագիրն իրականացվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության աջակցությամբ:  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԿԿՀԲՔԱ գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը, ԿԿՀԲՔԱ Հասարակական գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյանը և «Այ Էյ Բի Սենթր» հիմնադիր և գործադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են ծրագրի մանրամասները:

ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ նախարարության համար ողջունելի էր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության այս առաջարկը, որի արդյունքում որոշում է կայացվել վերոնշյալ ծրագրի մաս դառնալ: «Աշխատաշուկան այսօր շատ արագ է փոփոխվում, իսկ կրթության ոլորտն ամենապահպանողական համակարգերից մեկն է, քանի որ փոփոխությունները կապված են մարդկանց վերաբերմունքի փոփոխության հետ: Այս իմաստով կրթության ոլորտի համագործակցությունը գործարար միջավայրի և բիզնես կառույցների հետ շատ կարևոր է, որովհետև դրանք են, ի վերջո, հանդիսանում աշխատաշուկան և թելադրողն այն պայմանների, որ պետք է բավարարի կրթական համակարգը: Ծրագրի երկրորդ կարևոր կետը կենտրոնացումն է դեպի մարզեր, քանի որ այնտեղ աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է, իսկ կրթության հնարավորությունները` ավելի սահմանափակ, քան Երևանում: Բացի այդ, ծրագրով շեշտադրումը դրվում է  այնպիսի հմտությունների վրա, որոնք պահանջված են այսօրվա աշխատաշուկայում, որովհետև մի բան է ունենալ գիտելիք, իսկ մեկ այլ բան` որոշակի հմտություններ և կարողանալ դրանք ներկայացնել: Ծրագրի մյուս կարևոր ուղղությունը սոցիալական պատասխանատվության բաղադրիչն է, որը գուցե նոր երևույթ է հայկական իրականության մեջ, սակայն այն իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհում: Սոցիալական պատասխանատվությունն արդեն նորմ է ցանկացած կազմակերպության համար, որը գիտակցում է, որ աշխարհը բացականին փոքրացել է և հնարավոր չէ կառուցել միայն քո լավ ապագան և սեփական ներդրումը չունենալ աշխարհի զարգացման գործընթացում: Այդ պատճառով մենք կոչ ենք անում նաև մյուս ընկերություններին, որ իրենց գիտելիքները, փորձն ու կարողությունները հասանելի դարձնեն մյուսների համար»,-նշել է Դավիթ Սահակյանը` շնորհակալություն հայտնելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանը` վերոնշյալ ծրագիրը Հայաստանում հենց կրթության ոլորտում իրականացնելու համար:
Նշենք, որ «Երիտասարդների զարգացում»  ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել Երևանում և մարզերում բնակվող 2100 երիտասարդների (500-ը` Երևանում, 1600-ը` մարզերում)` մինչև 2020 թվականն այդ թիվը հասցնելով 8000-ի: Ծրագրի առաջին փուլում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այնուհետև կսովորեն ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից, վերապատրաստումներ կկազմակերպվեն նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերի երիտասարդների համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր մասնակցությունը կունենա ծրագրի իրականացմանը` մարզերում ապահովելով ծրագրի կազմակերպիչների կապը տեղական ուսումնական հաստատությունների հետ, որը թույլ կտա ներգրավել ավելի մեծ թվով շահառուներ: Բացի այդ, նախարարությունը ծրագրի շրջանակում աշխատանքային տոնավաճառների կազմակերպման ընթացքում կաջակցի տեղական գործող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ կապի ապահովմանը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել մասնագետ- գործատու կապը և կընդլայնի ծրագրի մասնակիցների` հետագայում աշխատանք գտնելու հնարավորությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։