Կրթական հիմնախնդիրները` Հանրային խորհրդի օրակարգում
2010-02-24
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի «Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի» կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ պետական բուհերի ռեկտորները, ինչպես նաև կրթության ոլորտի մասնագետներ: Բացելով նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՊՄՀ-ի ռեկտոր Ա. Ղուկասյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեության այս ընթացքում ձևավորել են մի շարք ենթահանձնաժողովներ, որոնք կազմակերպել են բազմաթիվ քննարկումներ:
Ա. Ղուկասյանը նշեց, որ այսօրվա քննարկման հիմնական թեման վերաբերում է կրթության ոլորտի հիմնախնդիրներին և առաջարկեց ԿԳ նախարարին անդրադառնալ դրանցից մի քանիսին: Ողջունելով Հանրային խորհրդի անդամներին` նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ կրթական բարեփոխումների հարցում խիստ կարևորված է հասարակական նոր մարմինների և շահառուների ներգրավումը, որովհետև բարեփոխումների հաջողության մի զգալի հատված պայմանավորված է նաև բարեփոխումների լայն հասարակական արձագանքով, և իր գոհունակությունը հայտնեց` Հանրային խորհրդի` հասարակական կարծիքի ձևավորման և առաջխաղացման առաջնորդի և շոգեքարշի դերը ստանձնելու հավակնության կապակցությամբ; Նա նշեց, որ այս քննարկումը մեկնարկն է նախարարություն-Հանրային խորհուրդ հասարակական երկխոսության: Իր ելույթում նախարարն անդրադարձավ կրթական ընդհանուր քաղաքականության և առաջնահերթությունների խնդիրներին: Նախևառաջ Ա. Աշոտյանն առանձնացրեց կրթական բնագավառի մի շարք առանձնահատկություններ, որոնք, ըստ նախարարի, հինգն են: «Առաջին առանձնահատկությունը, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրթության և գիտության ոլորտի կարևորությունն է` ազգային անվտանգության տեսակետից. «Ազգային անվտանգության հայեցակարգը» քանիցս ամրագրել է կրթության և գիտության ռազմավարական նշանակությունը: Եթե պաշտպանությունը և բանակն ազգային անվտանգության արտաքին շրջանակն են, ապա կրթությունը, գիտությունը և մշակույթը` որպես ազգային ինքնության պահպանման և հոգևոր զարգացման երաշխիք, ներքին գրավականն են»,-նշեց նախարարը` ոլորտի թիվ երկրորդ առանձնահատկություն մատնանշելով իրականացվող բարեփոխումների խնդրում առկա հասարակական լայն հնչեղությունը: «Մեր հասարակությունն ավանդաբար շատ մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը և գիտությանը: Հայկական ընտանիքներում երեխաների հետ կապված հարցերում կրթությունը և գիտությունը, առողջության հետ զուհագեռ, դիտարկվում են որպես առաջնահերթություն: Երրորդ առանձնահատկությունը կրթության ոլորտի ամենամեծ սոցիալականացման աստիճանն է. մեր շահառուների նվազագույն թիվը ՀՀ բնակչության 1/3-ն է; Մյուս առանձնահատկությունը պայմանավորված է այն փաստով, որ ինչպես ամբողջ սոցիալ-տնտեսական համակարգը, այնպես է կրթական ոլորտը թևակոխել են մի փուլ, երբ անցումային շրջաններն անընդհատ փոխարինում են իրար. հասարակությունն ակնկալում է այդ անցումային շրջանների ավարտը և նոր փուլի սկիզբը»,-ընդգծեց նախարարը; Որպես ամփոփիչ առանձնահատկություն` Ա. Աշոտյանը նշեց կրթական ոլորտի ապակենտրոնացման խնդիրը. ոլորտի շահառուները և կազմակերպություններն ունեն գերատեսչական և վարչական տարբեր ենթակայություն: Քաղաքականություն իրականացնող մարմինը նախարարությունն է, իսկ վարչական, կառավարչական գործառույթները մեծամասամբ գտնվում են այլ մարմինների իրավասության ներքո: «Քաղաքականության հաջողությունը թելադրված է ոչ միայն նախարարության աշխատանքով. այդ աշխատանքը պետք է համահունչ լինի ու աջակցություն ստանա նաև բոլոր այլ վարչական կառավարման մարմինների կողմից»,-փաստեց Ա. Աշոտյանը; Նախարարը, որպես արդյունավետության բարձրացման ռեսուրսներ, առանձնացրեց հինգ հիմնական մոտեցում, որոնց միջոցով հնարավոր է չեզոքացնել առկա մարտահրավերները, ինչպես նաև նվազեցնել ֆինանսական ազդեցության դերը: Առաջին` կրթական համակարգի կառավարման որակի բարձրացումը, որը խոչընդոտում է բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, մասնավորապես, հանրակրթական համակարգում, երկրորդ` համապատասխան իրավական դաշտի ձևավորումը` նոր պահանջներին և խնդիրներին համահունչ, երրորդ` եղած ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործումը, չորրորդ` միջազգային դոնոր կազմակերպությունների և միջազգային աջակցության հնարավորությունների ընդլայնումը և հինգերորդ` հասարակական քննարկումների անհրաժեշտությունը:
Ելույթից հետո նախարարը պատասխանեց մասնակիցների մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին ուսանողական կրթաթոշակների, բուհերում գիտելիքների գնահատման մեխանիզմների և իննովացիոն ձեռնարկությունների ստեղծման, հեռուստաեթերում ուսումնական հաղորդումների անհրաժեշտության և այլ խնդիրների:












