Բարձրագույն կրթության օրինագիծ. հանրային քննարկում՝ հասարակական կազմակերպությունների և կրթության փորձագետների մասնակցությամբ

2017-12-19

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հերթական հանրային քննարկումը տեղի է ունեցել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների խմբի ներկայացուցիչների և կրթության ոլորտի փորձագետների մասնակցությամբ: Հանդիպումը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ով ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը, հիմնական նպատակներն ու սկզբունքները. «Օրենքի գլխավոր նպատակը կրթության որակի բարձրացումն է: Ուսումնասիրելով համակարգը՝ առանձնացվել են 5 խումբ խնդիրներ, որոնց լուծմանն էլ միտված է նախագիծը: Առաջինը համակարգի կառուցվածքային և կառավարչական խնդիրներն են, որոնք նոր մոդելով են ներկայացվում: Երկրորդը բուհերի ֆինանսավորման և ընդունելության նոր համակարգի քաղաքականությունն է, որտեղ էական փոփոխություններ են առաջարկվում, երրորդն ակադեմիական որակն է, որի մեջ մտնում են դասավանդման խնդիրները, չափորոշիչներն ու ծրագրերը, չորրորդը կրթություն-գիտություն-տնտեսություն կապի ամրապնդումն է և հինգերորդը համակարգի միջազգայնացումը, որը նաև Բոլոնիայի գործընթացով ստանձնած պարտավորություն է»,-նշել է Վահրամ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ օրինագծի հիմնական գաղափարը ուսանողակենտրոն համակարգի ստեղծումն է: Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է օրենքի նախագծով վերանայման ենթակա մի շարք խնդիրների, այն է՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքների և պայմանների ներդրում (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), ամբողջական և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպում և այլն),  բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռում, բարձրագույն կրթության կազմակերպում ինտեգրված ուսուցման  ձևով, ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրում և այլն:

Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել ԿԳ նախարարի տեղակալին, ինչպես նաև հանդես եկել առաջարկություններով դիտողություններով: Մասնավորապես, նրանք բարձրաձայնել են բուհերի ինքնավարության, դրանց ապաքաղաքականացման, պրակտիկաների կազմակերպման, բուհերի միջազգայնացման, որակավորումների, նախաբակալավրիատի, ՀՀ-ում գործող բոլոր բուհերի բակալավրի աստիճանի ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության պարտադիր պահանջի սահմանման և մի շարք այլ հարցերի:

Հանդիպման ավարտին Վահրամ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել  բոլոր մասնակիցներին՝ արդյունավետ քննարկման համար և հորդորել բոլոր առաջարկությունները և դիտողությունները գրավոր ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։