«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է Հանրային խորհրդում

2017-12-18

Հանրային խորհրդում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նվիրված նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, բուհական համակարգի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ:
ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը ՀԽ անդամներին ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը, հիմնական նպատակներն ու սկզբունքները, որոնք դրված են քննարկվող նախագծի հիմքում. «Օրենքի գլխավոր նպատակը կրթության որակի բարելավումն է: Ուսումնասիրելով համակարգը՝ առանձնացվել են 5 փունջ խնդիրներ, որոնց առաջնահերթ լուծմանն էլ միտված է նախագիծը: Առաջինը համակարգի կառուցվածքային և կառավարչական խնդիրներն են, որոնք նոր մոդելով են ներկայացվում: Երկրորդը բուհերի ֆինանսավորման ու ընդունելության նոր համակարգի քաղաքականությունն է, որտեղ էական փոփոխություններ են առաջարկվում, երրորդը ակադեմիական որակն է, որի մեջ մտնում են դասավանդման խնդիրները, չափորոշիչներն ու ծրագրերը, չորրորդը կրթություն-գիտություն-տնտեսություն կապի ամրապնդումն է և հինգերորդը համակարգի միջազգայնացումն է, որը նաև Բոլոնիայի գործընթացով ստանձնած պարտավորություն է: Օրինագծի հիմնական գաղափարը եղել է ուսանողակենտրոն համակարգի ստեղծումը»,- իր խոսքում նշել է Վահրամ Մկրտչյանը:
Անդրադառնալով օրինագծով առաջարկվող կառուցվածքային և կառավարչական փոփոխություններին՝ ԿԳ նախարարի տեղակալը առանձնացրել է կառավարման խորհուրդների ձևավորման առաջարկվող մոդելը. «Այսօր բուհերի հիմնական մասն ունեն հիմնադրամի իրավական կարգավիճակ, որոնք կառավարվում են խորհուրդների կողմից: Խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ համանասնությամբ՝ 25 տոկոս բուհի պորֆեսորադասախոսական կազմի, 25 տոկոս ուսանողության, 25 տոկոս հիմնադիրի և 25 տոկոս կրթության կառավարման լիազոր մարմնի (ԿԳ նախարարություն) ներկայացուցիչներ: Այսօր ունենք մի վիճակ, երբ պետական բուհերում ԿԳՆ-ի և հիմնադիրի, այսինքն՝ կառավարության ներկայացուցիչները հիմնականում քաղաքական գործիչներ են կամ էլ նախարարության պաշտոնյաներ: Նոր նախագծով խորհուրդները ապաքաղաքականացվում են, քաղաքական պաշտոնյաները կամ մարզպետները չեն կարող լինել կառավարման խորհդի անդամ, բացի այդ՝ փոխվում են նաև համամասնությունները, խորհուրդներում նշանակալի տեղ է հատկացվում նաև գործատուներին: Նախագծով փոխվում են նաև ռեկտորի, կառավարման խորհրդի և գիտական խորհրդի գործառույթները. կառավարման խորհրդին վերապահվում է ֆինանսատնտեսագիտական, իսկ գիտական խորհրդին ակադեմիական գործունեության լայն իրավունքներ, և արդյունքում ռեկտորը թուլանում է՝ ունենալով ավելի թույլ կարգավիճակ, քան ունի այսօր: Ռեկտորը չի կարող պաշտոնավարել 2 անգամից ավել»,- նշել է Վ. Մկրտչյանը:
Կարևոր փոփոխություններից մեկը ֆինանսավորման համակարգի դիվերսիֆիկացումն է. ներկայումս բուհերի բյուջեների 95 տոկոսը կազմում են ուսանողների վարձավճարները, որոնց հիմնական մասը վճարում են ծնողները, որոշ մասն էլ պետության կողմից տրվող նպաստերն են կազմում. «Ֆինանսավորման այս պատկերը բուհին կաշկանդում է՝ ազատվել վատ սովորող ուսանողից, քանի որ ուսանողը բուհի պոտենցիալ ֆինանսավորողն է: Սա բերում է նրան, որ տրվում են վերաքննության բազմաթիվ հնարավորություններ, և ի վերջո մենք ունենում ենք կրթության որակի անկում: Մենք առաջարկել ենք փոխել ողջ փիլիսոփայությունը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:
Որպես փոփոխություն նշվել է նաև բուհերում հեռակա կրթության համակարգի վերացումը, ամրագրվում է հեռավար համակարգը: Նորություններ կան որակավորումների ցանկում՝ մտցվում է նոր նախաբակալավրի որակավորում (associate degree), որը տրվում է բարձրագույն կրթության կարճ շրջափուլի արդյունքում և հավաստվում է համապատասխան ավարտական փաստաթղթով: Վահրամ Մկրտչյանի պարզաբանմամբ՝ սա խորհրդային տարիներին գոյություն ունոցող թերի բարձրագույնն կամ եվրոպական բուհերում այսօր գործող University College կրթական աստիճանն է: Մյուս կարևոր փոփոխությունը մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու, PhD) որակավորումն է, որը բարձրագույն կրթության երրորդ աստիճանում շնորհվող որակավորում և գիտական աստիճան է (շնորհվում է բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ուսումնառության ծրագիրն ավարտելու և ատենախոսությունը պաշտպանելու արդյունքում և հավաստվում է համապատասխան փաստաթղթով):
Հանրային խորհրդի անդամները, որոնցից շատերը նաև սերտ առնչություն ունեն բարձրագույն կրթության համակարգի հետ, բարձրացրել են մի շարք հարցեր, մտահոգություններ և ներկայացրել են առաջարկներ՝ բուհի ակադեմիական, կադրային, կազմակերպական և ֆինանսական ոլորտների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են կրթության որակի ապահովման, պրոֆեսորադասախոսական կազմի զբաղվածության խնդիրները, խնդրահարույց է համարվել օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը, ըստ որի 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, և ռեկտորը կարող է նրա հետ կնքել մինչև 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Մանրամասն անդրադարձ է կատարվել ասպիրանտուրայում նախատեսվող բովանդակային փոփոխություններին, կրթական չափորոշիչներին, հեռավար ուսուցմանը, բուհերի կառավարման համակարգին, անցումային դրույթների հետ կապված հարցերին, ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքներին:
Հանրային խորհրդի անդամները մատնանշել են մի շարք դրական փոփոխություններ, որոնք կարող են ապահովվել բուհական համակարգում նոր օրենքի ընդունմամբ:
Քննարկման ավարտին կրթության և գիտության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդին՝ արդյունավետ քննարկման և ներկայացված պրոֆեսիոնալ առաջարկների համար: Վ. Մկրտչյանն առաջարկել է ՀԽ անդամներին՝ նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկներն ու դիտողությունները գրավոր ներկայացնել ԿԳ նախարարություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։