Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել «Սինոփսիսի» կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական հանդիսությանը
2017-12-15
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունն այսօր ներկայացրել է 2017 թվականի ընթացքում տեխնոլոգիական կրթության զարգացմանն աջակցող իր ծրագրերը Հայաստանի առաջատար բուհերի հետ` այսպիսով ամփոփելով իր հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով «Սինոփսիսի» կրթական ծրագրի շրջանավարտներին, նշել է, որ վերջիններս ստանում են ոչ միայն համալսարանի, այլև աշխարհահռչակ ընկերության որակի հավաստում: «Հիշում եմ, երբ «Սինոփսիս» ընկերությունն առաջին իր ծրագիրը սկսեց Հայաստանում, որքան ոգևորություն կար և ինչպիսի հիանալի ծրագրերի մասին էինք խոսում: Այսօր՝ տարիներ անց, կարող ենք փաստել, որ դրանց մեծ մասն իրականացվել է, որովհետև եթե այսօր խոսում ենք կրթություն-գիտություն-բիզնես համագործակցության մասին, ապա որպես առաջին օրինակ` բերում ենք այս ընկերությանը: Շնորհակալ եմ նաև մեր համալսարաններին. նրանք առաջիններից էին, որ կարողացան կառուցվածքային որոշակի փոփոխություններով սկսել այն ծրագիրը, որը կոնկրետ գործնական արդյունքներ բերեց: Այսօր հարյուրավոր երիտասարդներ աշխատում են ոչ միայն «Սինոփսիսում», այլ նաև տեղական և արտասահմանյան ընկերություններում»,-նշել է նախարարը` ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով «Սինոփսիս» ընկերությանը, որը, ըստ Լևոն Մկրտչյանի, ներկայություն ունի կրթական համակարգի բոլոր օղակներում:
«Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանը, բարձր գնահատելով կրթական ծրագրի արդյունքները, մասնավորապես, նշել է․ «Միկրոէլեկտրոնիկայի նման արագ փոփոխվող ոլորտում արհեստավարժ և արտադրությանը պատրաստ շրջանավարտներ կրթելու գործում խիստ կարևոր է բիզնեսի և կրթության սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Մենք հետևողականորեն շարունակում ենք զարգացնել այս բացառիկ ԲՈՒՀ-արդյունաբերություն մոդելը՝ կիրառելով ուսումնական ծրագիրը խորացնող և ընդլայնող տարբեր նորարարական մեթոդներ»:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ մի շարք բուհերի ռեկտորներ:
Միջոցառման ընթացքում «Սինոփսիսի» կրթական ծրագրի ավարտական վկայականներ են հանձնվել գործընկեր համալսարանների 2017 թվականին իրենց ուսումնառությունը հաջողությամբ ավարտած 129 շրջանավարտների՝ 50 մագիստրոսի և 79 բակալավրի, որոնց 100 տոկոսն արդեն իսկ սկսել է իր ճարտարագիտական կարիերան ինտեգրալ սխեմաների (IC) նախագծման և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտում:
Նշենք, որ իր գործունեության ընթացքում «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի ծրագիրն ավարտել են միջազգային չափորոշիչներին բավարարող և գործնական հմտություններ ունեցող 841 բարձրորակ մասնագետ, որոնց 77 տոկոսն ընդունվել է աշխատանքի «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում: Ներկա պահին «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների 45 տոկոսը ուսումնական դեպարտամենտի շրջանավարտներ են։ Կիրառելով բուհ-արդյունաբերություն կրթական մոդելը` «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտը ուսանողներին տալիս է համաշխարհային մակարդակի կրթություն` ուսումնական գործընթացում նրանց տրամադրելով Սինոփսիսի գերժամանակակից էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային փաթեթներ, համաշխարհային հեղինակավոր համալսարանների կողմից ճանաչված համապարփակ ուսումնական ծրագիր, ուսումնական միջավայրում նախագծման հնարավորությունն ապահովող նախագծման փաթեթներ, բարձր որակավորում և փորձ ունեցող դասախոսական կազմ և ժամանակակից տեխնիկական ենթակառուցվածք ու միջավայր։