Կրթություն 2030. ծրագիրը քննարկվել է «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչների հետ
2017-12-08
«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական հանրային քննարկումն ընթացել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել փաստաթղթի մշակողներին՝ ընդգծելով, որ այն բավականին լուրջ և երկարատև աշխատանքի արդյունք է: «Մենք մի քանի անգամ մոտեցել ենք այս ռազմավարական փաստաթղթի մշակմանը: Քանի որ կրթական բոլոր միջազգային փաստաթղթերը նախատեսված են մինչև 2030 թվականը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն պատրաստում է կրթական համակարգի բոլոր փոփոխությունները, որտեղ «Կրթություն բոլորի համար» մոտեցումից կտրուկ անցում է կատարվել դեպի կրթության որակին, և մենք ևս ունենք այդ հիմնախնդիրը, որոշվեց Կրթության զարգացման պետական ծրագիրը ևս նախատեսել մինչև 2030 թվականը: Ծրագրի այն հատվածը, որ պետք է ստանա օրենքի ուժ, ավելի հայեցողական է. այնտեղ հիմնականում ներկայացված են տեսլականը և զարգացման ուղղությունները, սակայն դրանց զուգահեռ առկա է նաև գործողությունների հստակ պլան: Արդեն հանրային քննարկման է ներկայացվել նաև «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, և այսպիսով մենք հնարավորություն ունենք օրենսդրական մակարդակով դիտարկել ՀՀ կրթական համակարգն իր ամբողջության մեջ՝ մանկապարտեզից մինչև գիտություն: Քանի որ ներկայումս մեծացել է կրթության հանդեպ հետաքրքրությունը նաև ներդրումների պահով, մենք փորձել ենք ստեղծել այնպիսի ընդհանուր պլատֆորմ, որտեղ հրավիրվել են մասնակցելու և՛ պետությունը, և՛ անհատ գործընկերները, և՛ միջազգային կառույցները, և՛ դոնոր կազմակերպությունները: Այսինքն՝ մեր խնդիրն է այդ պլատֆորմում յուրաքանչյուրին ցույց տալ իր շահը, իր տեղը և իր զարգացման հնարավորությունները: Այլ խոսքով՝ սա, այսպես ասած, ներդնաշնակության փաստաթուղթ է, որտեղ հաջողվել է ներառել ազգային ու պետական հիմնախնդիրները, ներկա քաղաքակրթական զարգացման ուղղվածությունները, ինչպես նաև նաև մեր երկրի առանձնահատկությունները»,-նշել է նախարարը՝ ներկաներին հորդորելով ակտիվորեն մտնել երկխոսության մեջ և իրականացնել խորը և համակողմանի քննարկում, քանի դեռ փաստաթուղթը գտնվում է քննարկման փուլում:
«Դպրոց-կենտրոնների միության» նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանն իր գոհունակությունն է հայտնել, որ ծրագրի հանրային քննարկմանն իր անմիջական մասնակցությունն է բերել միությունը: «Այս ծրագիրն այն կարևորագույն փաստաթուղթն է, որը պետք է ապահովի մեր կրթության և հետևաբար մեր երկրի մինչև 2030 թվականի զարգացումը: Մենք ունենք նաև մեր երկրի ռազմավարական զարգացման ծրագիրը 2014-2025թթ., որտեղ առանձին նշված են բոլոր ոլորտների զարգացման ուղղությունները: Կարծում եմ, որ Կրթության զարգացման պետական ծրագիրը ևս հենված է մեր երկրի որդեգրած քաղաքականության վրա: Ես հորդորում եմ բոլորիդ գործուն մասնակցություն ունենալ ծրագրի վերամշակմանը՝ առավել լավ արդյունք ունենալու համար, որպեսզի չլինենք անընդհատ բողոքողի դերում, այլ ինքներս ստեղծենք այդ զարգացման հեռանկարը, այսինքն՝ պասիվ ունկնդրից դառնանք ստեղծողներ»,-նշել է նա:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրել են կրթության զարգացման տեսլականը, ռազմավարական մոտեցումները, պետական քաղաքականության սկզբունքները, մինչև 2030 թ. զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը, ինչպես նաև ծրագրի իրականացումը, մոնիթորինգը, գնահատումը և ճանապարհային քարտեզը:
«Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչները հարցեր են ուղղել բանախոսներին: Նրանց, մասնավորապես, հետաքրքրել են զարգացման ծրագրում ծնողական համայնքի հետ աշխատանքի ներառման, ուսուցչի դերի և հեղինակության բարձրացման, կրթության որակի և դրա չափելիության, գյուղական դպրոցների, մշակվող չափանիշների, իրականացվող մեխանիզմների և այլ հարցեր: