Լևոն Մկրտչյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին
2017-12-07
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին:
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը բարձր է գնահատել Human Rights Watch-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նախարարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացմանը:
Այս համատեքստում անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ժամանակացույցին, նշվել, որ արդեն Տավուշում, Լոռիում և Սյունիքում մեկնարկել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրը: Այժմ քննարկվում է Արմավիրի մարզի և Երևանի անցման խնդիրը:
Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ ներկայումս ոլորտային նախարարությունների հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում մարզերում գործող հատուկ դպրոցները մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների վերածելու ուղղությամբ:
Ջեյն Բյուքենընին շնորհակալություն է հայտնել Լևոն Մկրտչյանին ընդունելության համար, ընդգծել, որ նախարարության հետ կառուցողական աշխատանք է ծավալվում, ինչն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, ներառական կրթության խթանմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր: